Ռուսաստանից սպառազինություն, Վաշինգտոնից՝ զանգ, դեպի Թուրքիա

- in Միջազգային

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաղորդել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերի հեռախոսազանգի մասին՝ Թուրքիա իր պաշտոնակցին: Բովանդակության մասին Պենտագոնը չի հայտնում, բայց դժվար չէ կռահել, թե որն է եղել խոսակցության առարկան:

Բանն այն է, որ Թուրքիան սկսել է ստանալ ռուսական C 400 ՀՕՊ համակարգերը, ինչը առաջացրել է Վաշինգտոնի դժգոհությունը: Ավելին, Անկարան ստացել է մի քանի վերջնագրային ազդակ, սակայն հետ չի կանգնել գործարքից: Արդյո՞ք Պենտագոնի ղեկավարը նոր սպառնալիք է հնչեցրել Թուրքիայի հասցեին, թե՞ Անկարային կհաջողվի համոզել եւ նստել այսպես ասած երկու աթոռի վրա՝ ամերիկա-նատօական եւ ռուսական: Իրավիճակը անշուշտ բազմաշերտ է եւ համենայն դեպս առերեւույթ հանգեցրել է ԱՄն-Թուրքիա եւ ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերության մեծ լարման: Ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի պաշտպանության նախարարը ամերիկացի գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է մնալ օդային լուրջ հարձակման ռիսկի ներքո եւ ռուսական ՀՕՊ համակարգերի կարիքը մեծ էր: Ինչ է ասել ԱՄՆ, հայտնի չէ: Սակայն հետաքրքիր է, ու՞մ հարձակումն է սպասում Թուրքիան եւ ինչու՞ է կասկածում, որ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ն չեն պաշտպանի իրենց անդամին այդ հարձակումներից: