Ռուսաստանի մտահոգությունն այնքան չէ, որ բավարարի Ռոբերտ Քոչարյանի ակնկալիքները

- in Վերլուծական

«Ռուսաստանը չի կարող չանհանգստանալ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումով». Երևանում հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ է և ասելով, որ դա կնշանակի նախադեպ, իսկ բացի դրանից էլ Ռոբերտ Քոչարյանը ռուսական խոշոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը իր հանդեպ քրեական հետապնդումից հետո անթաքույց ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, չունի հավելյալ ապացույցների կարիք: Ընդ որում՝ Ռուսաստանն էլ, կարծես թե, անթաքույց ցուցաբերել է այդ աջակցությունը՝ սկսած դեռևս նախորդ տարի Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից մինչև բազմաթիվ հոդվածներ, ռեպորտաժներ, փորձագիտական կարծիքներ, մարտիմեկյան հայտնի ֆիլմը և այլն: Գագաթնակետ թվաց Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի, հետո՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Մյուս կողմից, սակայն, դրանից հետո Հայաստանի իշխանության հայտնի արձագանքին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի վերստին կալանավորումը և արդարադատության նախարարի հետ Ռուսաստանի դեսպանի հանդիպումը, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ տարածվել էր այն, որ ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտնել էր, թե Մոսկվան «հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»:

Եթե Մոսկվան դրանց վերաբերվում է հարգանքով, ապա պետք է ենթադրել, որ խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցողի մասին է: Եվ դա ասվել էր Քոչարյանին դարձյալ կալանավորելու մասին որոշումից հետո: Համենայն դեպս, ՌԴ դեսպանատունը չէր տարածել որևէ «կոնտր» հաղորդագրություն, որը ուղղում կմտցնել Հայաստանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ռուսաստանն այդքան էլ մտահոգված չէ երկրորդ նախագահի ճակատագրով, կամ այդ մտահոգությունն այնքան չէ, որ բավարարի Ռոբերտ Քոչարյանի ակնկալիքները: Որովհետև նրա գրասենյակի ղեկավարի հայտարարությունը, որ Ռուսաստանը չի կարող մտահոգված չլինել, որոշակի իմաստով պարունակում էր նաև մտահոգվածության ներկայիս մակարդակից անբավարարության տոնայնություն: Երկրորդ նախագահի գրասենյակը Մոսկվային կամ Կրեմլին կարծես թե հիշեցնելու համար էր թվարկում Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակները՝ ակնարկելով, որ այդ կարգավիճակները ենթադրում են ավելի աշխույժ պաշտպանություն, քան գուցե ցուցաբերում է Մոսկվան իր ներկայիս վարքագծով: Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանի մեջ, ըստ ամենայնի, տարակույս է առաջացնում այն, որ Մոսկվան իրեն պաշտպանում է, բայց ինքը դեռ բանտում է: Ավելին՝ բանտում է այն բանից հետո, երբ թվում է, որ լուրջ հաղթանակ արձանագրեց մայիսի 18-ի դատարանի վճռով:

Հատկանշական է այն, որ դրանից մոտ երեք շաբաթ անց տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում, որից հետո Հայաստանի իշխանությունը ոչ միայն չնահանջեց, այլև հակառակը՝ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանվեց: Ըստ այդմ, այսպես ասած ավանդական պատկերացումների պայմաններում, հարց է առաջանում՝ կա՛մ Փաշինյանն իրեն այնքան ուժեղ է զգում, որ տեղի չի տալիս Ռոբերտ Քոչարյանի գործում Պուտինի ճնշմանը, կա՛մ այդպիսի ճնշում իրականում չկա, այլ կա դրա տպավորությունը ստեղելու իմիտացիա՝ այդ թվում ռուսական շրջանակների ներգրավմամբ, ինչին Պուտինը դեմ չի արտահայտվում, սակայն անմիջականորեն չի էլ ներգրավվում, ինչի հետևանքով ստացվում է լոկ ճնշման ֆիկցիա: Իսկ դա կարող է քարոզչական մակարդակում ազդել որոշ շրջանակների վրա, այն էլ՝ հիմնականում յուրային, մինչդեռ իրական քաղաքականության ռեժիմում չունենալ որևէ սկզբունքային ազդեցություն, թեև ի զորու է առաջացնել լուրջ մարտահրավերներ այն առումով, որ անմիջականորեն չներգրավվելով Հայաստանի իշխանության դեմ ճնշմանը, ըստ այդմ չունենալով այդպիսի քաղաքական որոշում՝ ՌԴ նախագահն այդուհանդերձ քաղաքական որոշման մակարդակում չի էլ սահմանափակում մերձիշխանական և իշխանական տարբեր շրջանակների այդ հարցում մարտահրավեր նետել Հայաստանին:

Թե ինչու, դա արդեն այլ խոսակցության նյութ է, որին անդրադարձել ենք տարբեր առիթներով և, դատելով Ռուսաստանում տեղի ունեցող իրողություններից, դեռ կունենանք անդրադառնալու շատ առիթներ: