Բակո Սահակյանի հրաժարականը Սամվել Բաբայանի առաջադրման հետ կապ չի կարող ունենալ

- in Ընտրություններ
Samvel Babayan

Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում  ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում,  չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը։

«Բակո Սահակյանի հրաժարականը եւ Սամվել Բաբայանի առաջադրումը որեւէ կերպ չեն կարող  առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։  Դեռ ուր մնաց խոսել որեւէ պայմանավորվածության մասին։

Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է եւ սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։

Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար՝ այն է սահմանադրական կարգի տապալում։

Արցախում պետք է  անցկացվեն  նոր ընտրություններ, որտեղ արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձեւավորելով իր համար օրինական իշխանություն։ Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունը ի վերջո պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով  բոլոր ուժերի համար։  Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը»,-ասված է պարզաբանման մեջ։