Սահմանադրության նկատմամբ մի տեսակ քամահրական վերաբերմունք են ունեցել ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հասարակությունը

- in Վերլուծական
Mishik

Ցանկացած քաղաքակիրթ պետության եւ ժողովրդի համար Սահմանադրությունը կարեւորագույն փաստաթուղթ է, որովհետեւ դրանով են սահմանված խաղի այն կանոնները, որոնց շուրջ համաձայնություն է կայացել տվյալ երկրի իշխանությունների եւ հասարակության միջեւ։ Հայաստանում, ցավոք, երկար ժամանակ այդպես չի եղել։

Սահմանադրության նկատմամբ մի տեսակ քամահրական վերաբերմունք են ունեցել ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հասարակությունը։ Առաջին հերթին, իհարկե, իշխանությունները, որովհետեւ նրանք Սահմանադրությունն ընկալել են որպես իրենց բացարձակ իշխանությունը կաշկանդող տհաճ հանգամանք։ Իսկ հասարակության զգալի մասն էլ լուրջ չի ընդունել Սահմանադրությունը, որովհետեւ համարել է, որ միեւնույն է՝ ի վիճակի չի լինելու իշխանություններին ստիպել հարգել մայր օրենքը, հետեւաբար՝ շատ դեպքերում դա ընդամենը ձեւական փաստաթուղթ է։

Եվ իսկապես էլ, երկար ժամանակ գործող իշխանությունները կոպտորեն խախտել են Սահմանադրության կարեւորագույն հոդվածները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այդ իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Երկար տարիներ իշխանությունները խախտել են այս կարեւորագույն սահմանադրական նորմերը՝ կեղծելով ընտրությունները։ Իսկ երբ հնարավոր չի եղել կեղծիքների միջոցով պահպանել իշխանությունը (օրինակ՝ ոչ մի կերպ հնարավոր չէր շրջանցել Սահմանադրության այն դրույթը, որի համաձայն նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը), նրանք պարզապես Սահմանադրությունն են փոխել։

Սահմանադրության նկատմամբ նախկին իշխանությունների թշնամական վերաբերմունքի միակ պատճառն, իհարկե, ընտրությունները չէին։ Նրանց խանգարում էին նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ հոդվածները, ՀՀ ինքնիշխանության արձանագրումը (դա փոքր-ինչ խանգարում էր երկրի ինքնիշխանությունը մաս-մաս հանձնել օտարներին՝ լեգիտիմության հետ կապված պրոբլեմները հաղթահարելու նպատակով), եւ այլն։ Բայց նրանց համար ամենամտահոգիչը, միեւնույն է, «իշխանությունը պատկանում է ժողովրդին» արձանագրումն էր։

Գործող Սահմանադրությունը կատարյալ է, թե պարտադիր պիտի փոփոխությունների ենթարկվի՝ այլ քննարկման թեմա է։ Այս պահին շատ ավելի կարեւոր է այն հարցը, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչպե՞ս է փոխվել իշխանությունների վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ ընդհանրապես։ Միանգամից ասենք՝ վերաբերմունքը փոխվել է արմատապես։ Եթե նախկին իշխանությունները Սահմանադրությունն ընկալում էին որպես իրենց «ազատությունը կաշկանդող», «ձեռուոտը կապող» հանգամանք, նոր իշխանությունների համար հակառակը՝ Սահմանադրությունը լեգիտիմության միակ աղբյուրն է։ Որովհետեւ հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի են ունեցել երկու կարեւորագույն ընտրություններ, որոնք իսկապես եղել են ազատ եւ արտահայտել են ժողովրդի կամքը (ինչպես եւ նախատեսված է Սահմանադրությամբ), ու հենց այդ ընտրությունների արդյունքներն են նորերի իշխանության աղբյուրը։ Այսինքն՝ օբյեկտիվորեն ստեղծվել է մի վիճակ, որ ի տարբերություն նախորդների՝ այսօրվա իշխանություններին ձեռնտու է պահպանել Սահմանադրությունն ու ոչ մի շեղում թույլ չտալ։

Հասկանալի է, որ արդյունքում փոխվելու է նաեւ հասարակության վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ, որովհետեւ մի բան է, երբ գործ ունես ձեւական փաստաթղթի հետ, եւ բոլորովին այլ բան, երբ գիտես, որ գործ ունես պետության ու հասարակության կյանքը կարգավորող «խաղի կանոնների» հետ, ու իշխանություններն այդ կանոնները չեն խախտելու։

Հենց այս փոփոխության արդյունքում է, որ ունենալու ենք իրավական առումով որակապես այլ պետություն եւ հասարակություն, ու նաեւ սա է, որ ստիպում է Սահմանադրության օրն ընկալել որպես պետության կարեւորագույն տոներից մեկը։