Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը խնդրահարույց է

- in Կարծիք

ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը, իմ կարծիքով իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում:

Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ  այս մասին ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

«Եթե ՀՀ  քաղաքացին  Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները  որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել և  բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես  առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է  ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել  և  պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝  այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է: Քաղաքական  առումով մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարևորությունը: ԱՀ-ի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը, և այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք և ավելի կարևոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»,- նշել է Վ. Վարդանյանը:
Շարունակելով միտքը քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետք է կարևորվի Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը:Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ և ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ,  որոնք որևիցե եղանակով չեն ընդգծում  ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը: