Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել է իրեն ու գումար պահանջել. քրեական գործ է հարուցվել

- in Իրավունք
Samvel Karapetyan

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին բավականին բարդ «պատմության» մեջ է հայտնվել Երեւանում: Խոսքը Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկ Կարապետյանի մասին է:

Ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների՝ մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին, որի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:

Հակասությունների արդյունքում Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել եւ խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են: Բանը հասել է նրան, որ Պարազյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ հույս ունենալով, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Կարապետյանների ազդեցությունը ՀՀ-ում շեշտակի թուլացել է, եւ նրանց ձեռքերն այստեղ չեն հասնի:

Պարազյանների՝ Հայաստան տեղափոխվելուց շուրջ մեկ տարի անց հին հաշվիները սկսել են զգացվել: Օրեր առաջ, Վահե Պարազյանի պնդմամբ, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ու Կարապետյաններին պատկանող «Սիզնս» սրճարանում ծեծի է ենթարկել իրեն՝ պահանջելով խոշոր չափի գումար: Կարապետյանները վստահ են, որ Վահե Պարազյանն ու իր հայրը դեռեւս Ռուսաստանում միասին աշխատած ժամանակներից իրենց խոշոր գումար են պարտք, ու փորձում են «ստանալ» այն, բայց դա ձգտում են անել հայրենասիրական փաթեթավորմամբ:

Վահե Պարազյանը մեր հետ զրույցում պատմեց, որ իրեն վախեցրել ու ասել են, որ գումարը պետք է փոխանցի Սամվել Կարապետյանի կամ նրա հարազատներից մեկի անունով բացված հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ Արցախին «գրեֆ են անելու». «Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջինս ծեծի ենթարկվելուց հետո դիմել է իրավապահներին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ բռնության կիրառման ու շորթման հատկանիշներով: Վահե Պարազյանը չհերքեց վերոնշյալ տեղակատվությունը, սակայն չցանկացավ փակագծեր բացել: «Ես չեմ հերքում այդ տեղեկատվությունը, սակայն չեմ կարող շատ բան ասել, քանի որ դիմել եմ իրավապահներին ու գործը նախաքննության փուլում է: Հույս ունեմ՝ արդարադատությունը կհաղթի, ու Հայաստանում իսկապես օլիգարխները օրենքից վեր ու արտոնյալներ չեն», – ասաց նա:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում հաստատեց, որ գործը հուլիսի 11-ին ուղարկվել է ՔԿ՝ հավելելով, որ շուտով կորոշվի, թե որ քննիչն է այն քննելու: «Կարող եմ ասել, որ գործն այժմ վարույթ է ընդունվել», – նշեց Հարությունյանը: