serzh-sargsyan

Ժողովուրդ թերթը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը գերմանական Բադեն Բադեն հռչակավոր հանգստավայրից վերադառնում է հուլիսի 24-ին եւ միանգամից մեկնելու է Արցախ: Սարգսյանը ընթացիկ տարում հաճախ է մեկնում Արցախ:

http://lragir.amՍտեփանակերտում թերթի իշխանական աղբյուրները նշել են, թե չարժե քաղաքական ֆետիշացման ենթարկել այցերը, դրանք այսպես ասած անձնական արձակուրդային են:

Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սերժ Սարգսյանը հանգստից վերադառնում է եւ մեկնում Արցախ հանգստի: Ի՞նչ է արել Սարգսյանը Բադեն Բադենում, որ հանգստի համար հերթական անգամ մեկնում է Արցախ: Կնշանակի, որ Բադեն Բադենում նա աշխատել է, չնայած համացանցում տարածված դեղին լողազգեստով լուսանկարին:
Չի բացառվում, որ գերմանական հանգստավայրում Սերժ Սարգսյանն աշխատել է Արցախի հարցի վրա: Խոսքն իհարկե ոչ թե Արցախի հակամարտության, այլ Արցախի նախագահի ընտրության կամ Արցախի նոր իշխանության ձեւավորման հարցի մասին է: Սկզբունքորեն, դա իհարկե կարող է վերաբերել նաեւ Արցախի հարցի լուծմանը լայն իմաստով, որովհետեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի նոր իշխանության խնդիրը ստանում է առանցքային նշանակություն՝ հաշվի առնելով Ստեփանակերտի սուբյեկտության մարտավարությունը, որի մասին հայտարարվեց մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի եւ Ացախի ԱԽ պատմական համատեղ նիստում:

Ի դեպ, այդ նիստի օրերին էլ Սերժ Սարգսյանն Արցախում էր:

Իսկ Արցախի նոր իշխանության հարցը կարծես թե դարձել է բարդ հարց, որովհետեւ դրան հավակնում են նախկին իշխող համակարգի տարբեր թեւեր, տարբեր բնույթի, կենսագրության, որոնց շատ բան միավորում է, բայց անկասկած շատ բան էլ բաժանում:

Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ այդ գործընթացը կատարվում է Հայաստանում հեղափոխությունից հետո, նոր իշխանության պայմաններում, բայց նոր իշխանության առնվազն ուղիղ միջամտության բացակայության պայմաններում:

Փաստացի, Հայաստանի նախկին իշխող համակարգը առաջին անգամ Արցախի իշխանության հարց պետք է լուծի Հայաստանում չունենալով իշխանություն:

Ու թեեւ այստեղ կա տարածված կարծիք, որ այդ գործընթացը Հայաստանում կրած պարտության ռեւանշի կամ հակահեղափոխության գործընթաց է, գործնականում սակայն իրավիճակը շատ ավելի բազմաշերտ է, այդօրինակ միարժեք եզրահանգումով ճգրիտ դիտարկման հասնելու համար:

Բանն այն է, որ նախկին համակարգն Արցախում քայլում է շատ բարակ լարի վրայով, իսկ հավասարակշռող «ձողը»՝ իշխանությունը Հայաստանում, այլեւս իրենց ձեռքին չէ: Ձողը Հայաստանի իշխանության ձեռքին է, ու ոչ թե հավասարակշռող, այլ պատժող, եւ Արցախում որեւէ սայթաքում՝ համահայկական պետական շահի որեւէ խորքային եւ համակարգային ստորադասում խմբային կամ կլանային որեւէ շահի, Հայաստանի իշխանությանը տալու է պատժիչ գործողության լեգիտիմ հնարավորություն:

Սերժ Սարգսյանը հաճախակի այցերի միջոցով ըստ երեւույթին փորձում է Արցախում բացատրել այդ իրողությունների նրբությունը եւ Բադեն Բադենում թերեւս աշխատել է սխեմաների վրա, որոնցով բացատրությունը կլինի առավել մատչելի, թե ինչպես է պետք լուծել Արցախում իշխանության հարցը, որ այն ներդաշնակ կամ համարժեք լինի Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրանից հետո ձեւավորված իրողություններին:

Բանն այն է, որ այդ համարժեքությունից է կախված նաեւ Սերժ Սարգսյանի հետիշխանական անվտանգությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...