Սա մաքուր հայկական հեղափոխություն էր, առանց օտար ԴՆԹ-ի

- in Պաշտոնական

Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, այցելելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն:

Ոմանք հեղափոխությունը կապում են չգիտես ինչերի հետ, ասում են՝ Սորոսը, Պողոսը, Պետրոսը, Արեւմուտքը, Հյուսիսը, Հարավը: Ես ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակում հայկական հեղափոխություն է: Այստեղ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ չկա: Միակ օտար բանը, որ մեր հեղափոխությունում եղել է, դա «Այֆոնն» ու ֆեյսբուքն են: Սա եղել է մաքուր հայկական հեղափոխություն՝ հենված հայկական ավանդական արժեքների վրա, բայց այդ արժեքներին հաղորդել է 21-րդ դարի բնույթ, հայտարարել է Փաշինյանը:

Նա ասել է, որ հեղափոխության ընթացքում իրավիճակը դուրս եկավ իշխանության կառավարումից այն ժամանակ, երբ փողոց դուրս եկան դպրոցականները: Իսկ նրանց հետեւից, ըստ Փաշինյանի, ելան ծնողները, տեսնելով, որ երեխաները չեն լսում տուն վերադառնալու իրենց կոչը:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ իր համար հեղափոխությունը բանտում անցկացրած շրջանն էր: Ըստ նրա, երբ բանտարկվեց՝ Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն էր, իսկ երբ դուրս եկավ բանտից արձանագրեց, որ տպագիր մամուլ հասկացությունն արդեն արդիական չէ: Դա մեծ շոկ էր ինձ համար, ասել է Փաշինյանը: