ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել

- in Իրավունք

Բարձր դատարանն արդեն որոշում է կայացրել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ, որն էլ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` այսօր, «Ազատության»-ը փոխանցեց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ է որոշել ՍԴ-ն, դատավորը չմանրամասնեց։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Երեկ լրացել էր որոշում կայացնելու ժամկետը, բայց մինչև այս պահը հայտնի չէ, թե ի՞նչ է որոշել Բարձր դատարանը՝ վարույթ ընդունե՞լ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, թե՞՝ ոչ։

Սահմանադրական դատարանը երեկ աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով, հայտնում է Փաստինֆոն։

Միաժամանակ ՍԴ-ն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Մերժվել է նաեւ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցը։

Գործով զեկուցող է նշանակվել 7 դատավոր։ Նրանք են Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը։

Գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 20-ին։

Սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է հետեւյալ հղմամբ։

Մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին:

Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի բողոքը՝ ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը, եւ որոշեց գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...