Hrayr Tovmasyan

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը խորհրդատվական նկատառումներով Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկելու ՍԴ որոշումը անկասկած նոր իրավիճակ է ստեղծում ներքաղաքական համատեքստում կամ նոր իրավիճակի ակնառու արտացոլում է, ինչն անկասկած պարունակում է հետաքրքիր շերտեր:

Դրանցից մեկը կարող է թաքնված լինել, օրինակ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՌԴ դեսպանի հայտնի հանդիպման շրջանակում, որ տեղի էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի տետ ա տետ հանդիպումից հետո:

Իրադարձությունների հետագա և զուգահեռ ընթացքը թերևս թարմ է բոլորի հիշողության մեջ, ովքեր հետևել են դրանց, և կրկնության իմաստ թերևս չկա: Ավելի հատկանշական կարող է լինել ուշադրությունը բոլորովին օրերս արդարադատության նորանշանակ նախարարի հետ Ռուսաստանի դեսպանի հանդիպման հանդեպ, որտեղ դեսպան Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է գործակցել տարբեր ուղղություններով հայ-ռուսական հարաբերության զարգացման ուղղությամբ:

Ավելին, դրան էլ հաջորդել էր ՌԴ արտգործնախարար Լավրովի հարցազրույցը ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին, որտեղ խոսելով հետխորհրդային երկրներում Արևմուտքի ակտիվության և ներքին գործերին միջամտության մասին՝ Լավրովը ասել էր, որ Հայաստանն ուրիշ է, և Հայաստանում իրավիճակն այլ է, իսկ հայ-ռուսական հարաբերությունը՝ դինամիկ զարգացող:

Բանն այստեղ այն է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը չի խնայում ջանք ու եռանդ և ստանում է նաև ռուսաստանյան իր գործընկերների աջակցությունը՝ ՌԴ իշխանությանը համոզելու համար, որ Հայաստանում տեղի ունեցածը Արևմուտքի իրականացրած հեղափոխությունն էր: ՌԴ արտգործնախարարը փաստորեն հերքում է դա՝ ասելով, որ Հայաստանում իրավիճակն այլ է:

Ահա այդ պայմաններում հետաքրքիր է, որ Սահմանադրական դատարանը կամ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկում է ՄԻԵԴ և Վենետիկ: Արդյոք իր ներքաղաքական մի շարք շերտերում ՍԴ քայլը պարունակո՞ւմ է նաև նախկին համակարգի որոշակի դեմարշ Ռուսաստանի դեմ, որը արտգործնախարարի շուրթերով փաստորեն մերժում է «արևմտյան հեղափոխության» մասին նախկին համակարգի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջանակի հայցերը, իսկ դեսպանի շուրթերով հայտարարում է Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ հարգանքի մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...