Seyran Ohanyan

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որը նվիրված է Սեյրան Օհանյանին և նրա կնոջը: Տեսանյութը գեղագիտական առումով նույնիսկ դրական է՝ ներկայացնելով սիրո մի պատմություն, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը մի մարդու մասին է, ում ռոմանտիզմը սպառվել է սեփական տան պատերից դուրս, երբ նա, որպես գլխավոր շտաբի պետ, առաջնագծի փոխարեն՝ «թշնամիներ» է փնտրել Երևանի կենտրոնում:

Սեյրան Օհանյանն ակամայից «բացահայտում» է, թե ինչու է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը: Հայաստանի բանակը ղեկավարել է մի մարդ, որը գերադասել է ընտանեկան երջանկություն ստեղծել՝ բանակի, նրա զինվորի հաշվին:

Մենք անկեղծորեն ուրախ ենք Սեյրան Օհանյանի ու նրա տիկնոջ սիրո, երջանկության համար, սակայն վստահ ենք՝ դա կայացել է բանակի, նրա թալանի հաշվին: Երբ առաջնագծում կանգնած զինվորն ունեցել է տարրական պետքեր, Օհանյանը բրենդային խանութների առատ պարունակությունը նվիրել է կնոջը: Պետության, բանակի, զինվորի հաշվին:

Երբ թշնամին տեսնում է, որ զինված ուժերի գլուխը ընտանեկան պերճանքի համար պատրաստ է ամեն ինչի, պատերազմը պատրաստ է:

Երբ խորհրդարանում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով ու մեզ սպասվում են լուրջ բացահայտումներ, Սեյրան Օհանյանի «ռոմանսը» նման է լյուստրացիայի: Շատ լավ կլիներ, որ բանակի ներկա ու նախկին պաշտոնյաներ նման տեսանյութերով «բացահայտվեին»՝ ցույց տալով այն գողունը, որն արվել է բանակի, պեության հաշվին: Բանակը պետք է ազատվի քաղքենիացված տականքից՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին:

Մեր հաղթանակը պետք է պաշտպանել մարդկանցից, որոնք գուցե հաղթել են պատերազմում, սակայն պատվել են խաղաղությանը: Գեներալ Մանվելը հաղթել է պատերազմում, սակայն ստորացրել է քաղաքացուն՝ բարիկադավորելով անգամ սեփական քաղաքը: Գենրեալ Սեյրան Օհանյանը Մարտի 1-ին կրակել է սեփական ժողովրդի վրա ու հետո գանձագողի պես բանակի միջոցները ծառայեցրել է տիկին Ռուզաննային:

Ամեն անգամ թշնամին տարածք է նվաճել, երբ Մանվելը «օկուպացրել» է Էջմիածնի ինչ-որ տարածք կամ Սեյրան Օհանյանը հերթական նվերն է տվել կնոջը:

Հեղափոխության «թավիշի» պատճառով օլիգարխացած գեներալները գուցե խուսափեն քրեական պատասխանատվությունից, բայց նրանց սպասում է Վազգեն Սարգսյանի առաջ բարոյական պատասխանը:

Սեյրան Օհանյանն ու մյուսները մեզ զրկեցին կենդանի հերոսներ ունենալու հնարավորությունից՝ առաջնագիծը հասցնելով Երևանի մատույցներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...