Սերժ Սարգսյանը վերադարձրեց մի մասը. ծաղկած «գողոնը»

- in Կարծիք
Serj Sargsyan

Հայկական համացանցը աշխույժ քննարկում է Սեւանի խնդիրը: Առկա է «կանաչապատման» բացառիկ օրինակ, որը հանրության դրական գնահատականի փոխարեն, արժանանում է տագնապի ու ահազանգի:

http://lragir.amՈրովհետեւ «կապուտաչյա» կամ «կապուտակ» Սեւանը դառնում է կանաչ՝ ծաղկող ջրիմուռների հետեւանքով: Դա էլ լճի էկոհամակարգի խախտման, բազմաթիվ խնդիրների հետեւանք է, որը սպառնում է ավելի վատ հեռանկարով:

Ակնառու է, որ Սեւանի գունափոխումը լճի տարիներ շարունակ անխնա շահագործման հետեւանք է, գործնականում բոլոր առումներով: Բանն այն է, որ Սեւանի խնդիրներն ու դրանց մասին ահազանգերը նոր չեն: Բարձրաձայնվել են տարիներ շարունակ: Եղել է նույնիսկ Սեւանի խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողով: Ո՞րն է այդ հանձնաժողովի գործունեության արդյունքը:

Մյուս կողմից, Հայաստանում հանձնաժողովներ ու գերատեսչություններ շատ են եղել, բայց դրանք գործնականում ավելի շատ կատարել են իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ցուցանակի դեր, իսկ բուն կառավարման գործընթացը տեղի է ունեցել քրեաօլիգարխիայի ինստիտուտների դե ֆակտո գերակայությամբ:

Իսկ այդ ինստիտուտների համար Սեւանը եղել է փողի աղբյուրներից մեկը, տարբեր դրսեւորումներով: Օրինակ, կարող էր մերժվել ջրի մակարդակը բարձրացնելու մտադրությունը կամ անհրաժեշտությունը, որովհետեւ քրեաօլիգարխիան ուներ ափամերձ սեփականություն, որը գտնվում էր այսպես ասած վտանգավոր գոտում:

Թե ինչ միջոցներով է ձեռք բերվել այդ սեփականությունը, ինչ «ջրի գին» են վճարել ափամերձ տարածքները յուրացնելու եւ «ջրի ափին նստած փող աշխատել», որոշակի դրվագներով հայտնի դարձավ օրինակ տարիներ առաջ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում: Երբեմն լինում էին այդպիսի բացահայտումներ, երբ քրեաօլիգարխիայի մի թեւը մյուսի դեմ պայքարում էր ավելի մեծ իշխանության համար:

Այս օրերին Սերժ Սարգսյանն ուխտագնացության է հանել ՀՀԿ-ն, որը Հայաստանում կառավարող կուսակցություն է 1998 թվականից սկսած, եւ տարեցտարի ավելի ու ավելի է մեծացրել իր իշխանությունը, մինչեւ 2018 թվական հասցնելով բացարձակի: Դա իհարկե քրեաօլիգարխիկ համակարգի բացարձակ իշխանությունն էր: Դրա համար վճարում էր պետությունը, եւ վճարում էր նաեւ Սեւանը, որպես հանրային ու պետական անգնահատելի ռեսուրսներից մեկը: Որովհետեւ քրեաօլիգարխիայի իշխանությունը կառուցված էր եւ գոյատեւում էր այդ ռեսուրսի հաշվին:

Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը որոշեց իրականացնել «շրջանցիկ մանեւր», առաջ բերելով Սեւանում «հանրային լողափի» գաղափարը: Հատկանշական է, որ այն սկսեցին իրացնել այսպես ասած ոչ յուրային սեփականատերերին պատկանող ափերի հաշվին: Սեւանը հանրությանը «վերադարձնելու» ակցիան սակայն ընդամենը հանրությունից «խլված» Սեւանը քողարկելու համար էր:

Եվ հիմա Սեւանը չի ծաղկում, պարզապես բացահայտվում է «գողոնը»՝ ցավալի եւ խորհրդանշական կանաչ գույնով, ինչպես տարիներ շարունակ որոշ մարդիկ Սեւանից «կանաչ» են ավելացրել իրենց գրպաններում կամ հաշիվների վրա:

Կտանի՞ Սերժ Սարգսյանը 1998-ից ի վեր կառավարող ՀՀԿ-ն Սեւան ուխտագնացության, կանաչի՝ փաստացի սեփական կառավարման հետեւանքներից մեկի մեջ լողալու: Թե՞ ուխտագնացությունը ներառում է բացառապես պատմական շիրիմներն ու դամբարանները:

Սեւանը գուցե դեռ հնարավոր է փրկել այդպիսի հեռանկարից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան