Սերժ Սարգսյանի մասին երգի կատարման համար Ռազմիկ Ամյանի՝ վաստակավորի կոչումը կվերանայվի՞. Տեսանյութ

serzh-sargsyan

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:

Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:

նախարարի գրառումից կարելի է ենթադրել, որ խոսքը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի մասին է, քանի որ երեկվանից համացանցային բուռն քննարկումների պատճառ է դարձել Ավետ Բարսեղյանի հեղինակմամբ եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ երգը՝ Սերժ Սարգսյանի մասին, որը նվիրված է վերջինիս 65-ամյակին:

Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով երգ է հայտնվել համացանցում, շոու բիզնեսում հայտնի հեղինակներով: Նրանք անմնացորդ շռայլությամբ փառաբանում են Սերժ Սարգսյանի գործչին: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանն օպտիմալության կամ լակոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանին: Մի քանի հարյուր էջանոց գրքի փոխարեն Սերժ Սարգսյանը դիմել է մի քանի րոպեանոց երգի տարբերակին:

«Միտքդ՝ Գանձասար, հոգիդ՝ Խոր Վիրապ», երգում է կատարողը Սերժ Սարգսյանի մասին, կամ ըստ երեւույթին նրա մասին, որովհետեւ հոլովակի կադրերում Սերժ Սարգսյանն է:

Կարծես թե ոչինչ չկա խղճի մասին: Թերեւս բաց են թողել թյուրիմացաբար, կամ հուզմունքից: Կամ որեւէ այլ պատճառով: Մինչդեռ միտքը, հոգին, իսկ խի՞ղճը, խիղճն օրինակ Լելե Թեփե՞, որն ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով տարածքային կորուստն է: Թե՞ դա Սերժ Սարգսյանի խիղճը չէ: Իսկ ու՞մն է: Կամ գուցե մեկինը չէ, այլ շատերինը:

Սերժ Սարգսյանն ինքը դա չպարզեց, կամ պարզեց, բայց ոչ հրապարակավ: Եղան պաշտպանության նախարարության եւ զինուժի տարբեր պաշտոններից հեռացածներ, սակայն այժմ տպավորություն է, որ նրանք ընդամենը քավության նոխազ էին, իսկ պատասխանատվության խնդիրը նախկին համակարգի թերեւս քաղաքական խորքում է, որը ենթակա չէր պատասխանատվության մի շարք ներհամակարգային պատճառներով:

Կկարողանա՞ ավելին անել ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը, որ խորհրդարանում ստեղծվեց վարչապետ Փաշինյանի մայիսի 20-ի հայտնի ելույթից հետո: Կօգնի՞ Սերժ Սարգսյանն այդ հարցում, երբ հանձնաժողովը նրան հրավիրի զրույցի: Այդ ժամանակ կպարզվի՞, թե ում խիղճն էր Լելե Թեփեն, բայց ամենից առաջ իհարկե մադկային այն հարյուրից ավելի կյանքերը, որոնց գնով հայկական զինուժը կասեցրեց ադրբեջանական ագրեսիան:

Խիղճ այն իմաստով, որ զինված ուժերը հագեցած չէին արդիական ռազմա-տեխնիկայով: Ու՞մ խիղճն էր, որ դա չէր արվել քառօրյայից առաջ, ռուս-ադրբեջանական գործակցությամբ հասունացող եւ նախապատրաստվող պատերազմի մի քանի տարիների ընթացքում: