Սեւանի ջուրը չի պատճառը. Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել

- in Պաշտոնական

Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն:

Հիշեցնենք, որ կենդանիների տերերը հայտարարել էին, թե կովերը սատկել են Սևանա լճի կանաչավուն ջուրը խմելուց հետո։