Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սպայկա ընկերության նկատմամբ հարուցված գործին և հարցին, թե արդյոք ընկերությանն առաջադրված հարկային պարտավորությունների թիվը մեծացել է։

«Քննությունը շարունակվում է։ Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ են կատարվում։ Ուղղակի այս պահին, հաշվի առնելով Սպայկայի սերտ առնչությունը գյուղատնտեսության ոլորտի հետ, քրեաիրավական գնահատականների առումով քննությունն առանձնացրել ենք։ Եվ հնարավորություն ենք տալիս, որ իր գործունեությունում այսօր որևէ խաթարում չլինի»,- նշեց Անանյանը։

Հարցին, թե զիջո՞ւմ են ընկերությանը, նա պատասխանեց․ «Չի կարելի այդպիսի բան ասել, որովհետև զիջում նշանակում է  ընդհանրապես օրենքին հակառակ գնալ, ինչը մենք չենք պատրաստվում անել։ Մենք հիմա ձեռք են բերում լրացուցիչ փաստեր, որ հաշվարկները լիարժեք լինեն։ Այս փուլում կազմակերպությանը մի փոքր, այսպես ասած, ազատ ենք թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել։ Հակառակը, նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»։

Ռադիոակտիվ նյութի՝ սահման անցկացնելու դեպքով ծառայողական քննություն է իրականացվում։ Այս մասին այսօր ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Հարցին, թե ինչպես է պատահել, որ վրացական մաքսավորները դեպքը բացահայտեցին, բայց հայկական կողմը՝ ոչ, Անանյանը պատասխանեց․ «Դե հիմա քննություն է ընթանում հենց այդ փաստի առթիվ։ Քննության արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կանենք»,- ասաց նա։ Ըստ Անանյանի՝ և ծառայողական քննություն է ընթանում, և հարուցված է քրեական գործ։ Հետևաբար, այս փուլում այլ հայտարարություն չի անի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...