Սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը, արխիվը ոչնչացրել են. ԿԳՄՍ-ի պատասխանը

- in Հասարակություն

Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարության ֆեյսբուքյան էջերը հեռացնելուն:

«Փաստացի` անցյալի հետ համեմատության վախը երբեմն ավելի հզոր է գտնվում, քան ապագայի երազանքների ձգտումը: Ցավով պիտի տեղեկացնեմ, որ համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը:

Նախարարության գործունեության շրջանում եղել են իրապես պատմական իրադարձություններ` հյուրընկալվել են մարզաշխարհի համաշխարհային լեգենդներ, տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ, ստորագրվել են փաստաթղթեր, ձեռք են բերվել բանավոր և գրավոր պայմանավորվածութուններ, որոնց փաստացի ապացույցները այսօր պարզապես անպատասխանատու կերպով ջնջվել են: Սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը, փաստերը, լուսանկարների արխիվը վերացրել են:

Դա պատմություն էր, քանի որ որպես նախարար` իմ գործելաոճը զուրկ է եղել ինքնափիառից, ապագայի վերաբերյալ դատարկախոսության մոլուցքներից, և էջում տարիներ շարունակ լուսաբանվել են միայն արդեն կատարված մեծ քայլերը և իրակնացված աշխատանքների արդյունքները, առանց անձնական գովազդի և խոստումների, ուստի` ամեն առանձին հրապարակումն էր պատմական և նշանակալի:

Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ, պետական ժառանգության միտումնավոր արժեզրկում և ինքնահաստատման էժանագին փորձ: Ուզում եք ոչնչացնել այն, ինչին իրականում պիտի ձգտեք առնվազն մոտենալ, լավագույն դեպքում շարունակել: Սակայն, երևի թե, հենց սույնի անհասանելիությունն է ստիպել դիմել նման մանկամիտ քայլի` մասնագիտական գիտելիքների բացակայությունը և ոլորտային բացարձակ անտեղիակությունը ծածկելու միտումով:

Սպորտը այն առանցքային ոլորտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին, որով մեզ ճանաչում և հարգում են, որով մենք ուժեղ ենք և հզոր ֆիզիկապես և բարոյապես: Մեր մարզիկները ստիպում են անգամ մեր թշնամիներին պատվել հայոց եռագույնը և հիմնը: Նման պահերին հպարտանում ենք ազգովի, իսկ այդ պահի գինը գիտենք միայն մենք` սպորտաշխարհի ներկայացուցիչներս:

Ցավում եմ, որ տարիների քրտնաջան աշխատանքից, գործադրած ջանքերից, կրած զրկանքներից, հաղթահարած դժվարություններից և անհավանական հաջողություններ գրանցելուց հետո, ոլորտի ապագան փոխանցել եմ դեպի բացարձակ անորոշություն»:

Այս մասին գրում է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Խժդրյանը: Նախարարի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.

«Պարոն Ղազարյանին պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը նա հեշտությամբ կարող էր գտնել համացանցում՝ ուղղակի որոնման բաժնում փնտրելով նախարարության անվանումը, խնդրեմ՝ minsportyouth.am։ Ավելին, պարոն Ղազարյանը կարող է կայքում գտնել օրինակ 2015թ․ տեղադրված իր ուղերձները (լուսանկարը՝ ստորև): Միավորվել են միայն նախարարությունների Facebook-յան էջերը՝ այդ էջերի հետևորդներին չմոլորեցնելու և համակարգված աշխատանքի նպատակով։ Սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները նաև արտացոլվում են պաշտոնական կայքերում, այնպես որ, այս առումով, որևէ պատմություն չի կարող կորել։

Մինչև նոր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միասնական կայքի ստեղծումը, նախկին նախարարությունների կայքերի անվանումը փոփոխվել է՝ համապատասխանեցվելով ներկայիս իրողություններին, իսկ նոր կայքի պատրաստ լինելուն պես թե՛ ՀՀ կրթության և գիտության նախարարության, թե՛ ՀՀ մշակույթի նախարարության, և թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կայքերը մնալու են որպես արխիվային տարբերակներ։

Միևնույն ժամանակ, հարգելի պարոն Ղազարյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մեր մարզիկները փայլուն հաղթանակներ են գրանցել Եվրոպական խաղերում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առավել ուրախ կլինեի նախկին նախարարի էջում տեսնել այս կապակցությամբ շնորհավորանքներ:

Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մարզիկներին գրանցած հաղթանակների կապակցությամբ, մենք հպարտանում ենք ձեզանով»: