Վլադիմիր Պուտինը 2 ամսում 2 անգամ կմեկնի Թուրքիա

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա երկու ամսում երկու անգամ կմեկնի Թուրքիա։ Սիրիայի անվտանգության գոտու հետ կապված քննարկումների շրջանակներում Ստամբուլում երկու խոշոր գագաթնաժողով տեղի կունենա, հայտնում է Ermenihaber-ը։

Դրանցից առաջինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կկայանա առաջիկա ամսում։ Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Իդլիբում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում Թուրքիան մյուս կողմերից աջակցություն կխնդրի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու իր գաղափարի համար։ Ավելի վաղ կողմերի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվել նաև Թեհրանում և Սոչիում։

Իսկ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին։ Այս 4 երկրների մասնակցությամբ ևս մեկ հանդիպում սիրիական թեմայով կայացել էր նաև անցյալ տարի։

Էրդողանի, Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի մասնակցությամբ 2-րդ հանդիպման ժամանակ նախատեսվում է սիրիական հարցի  բազմակողմանի քննարկում։ Նախորդ տարի դարձյալ Ստամբուլում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի հակամարտության պատճառով  ծագող և տարածաշրջանային ու համաշխարհային կայունությանն ու անվտանգությանն ուղղված ռիսկերի ու սպառնալիքների կապակցությամբ: