Վրաստանը պատրա՞ստ է կամ համարո՞ւմ է, որ լարվածության այդ աքցանից ելքը կարող է լինել Հայաստանը

- in Վերլուծական
Armenia Georgia

Հայաստանում համակ ուշադրությամբ կենտրոնացումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, անուշադրության կամ անհամարժեք նվազ ուշադրության է արժանացրել արտաքին քաղաքականության հարթությունում տեղի ունեցող իրադարձությունը՝ Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան:

Թե ինչ է նշանակում հայ-վրացական հարաբերություն թե՛ երկու կողմերի, թե՛ ռեգիոնալ և ընդհուպ միջազգային կոնտեքստում, մենք խոսել ենք բազմիցս, և դեռ կխոսենք: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր վրաց պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք թվարկելն իսկ կպահանջի երկար ժամանակ:

Մյուս կողմից, հայ-վրացական քննարկումների պակաս այդ իմաստով չի զգացվել անցնող տարիներին, և խնդիրը տվյալ պարագայում երկկողմ հարաբերությունն իրապես նոր բովանդակության, օրակարգի և մակարդակի բերելն է, քանի որ դա հրամայական է երկու կողմի համար էլ՝ հաշվի առնելով ռեգիոնալ զարգացումներն ու մթնոլորտը: Այդ իմաստով, Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան տեղի է ունենում երկու էական լարվածության վեկտորների փուլում՝ ռուս-վրացական և վրաց-ադրբեջանական: Ռուս-վրացական լարվածության բռնկումը Հայաստանում բավականաչափ հայտնի է:

Միաժամանակ, դրան զուգահեռ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը գրեթե ռազմակայան է կառուցել Վրաստանի սահմանի հարևանությամբ՝ Գարեջիի լեռան վրա:

Այստեղ, ինչպես հայտնի է, կա տարիների քննարկումն ու բանավեճը Գարեջիի վանական համալիրի շուրջ, որը, սակայն, ընթացիկ շաբաթներին ստացել է առավել սուր բնույթ և ինչը հատկանշական է՝ պատմա-քաղաքական իմաստով նախահարձակ է դառնում Ադրբեջանը: Եվ ահա, ռուս-վրացական լարվածության այդ բռնկման ֆոնին Բաքուն ավելացնում է առնվազն հոգեբանական ճնշումը Գարեջիի ուղղությամբ:

Վրաց բլոգերներն են արձանագրել, որ Բաքուն զգալի քանակի զորք է կենտրոնացրել Գարեջիի լեռան վրա, սահմանին: Վրաստանը փաստորեն հայտնվել է լարվածության այդ երկու գծերի արանքում, ընդ որում՝ բարձր լարվածության գծերի: Այս ֆոնին է հատկանշական Զոհրաբ Մնացականյանի այցն ու հագեցած քննարկումները Թբիլիսիի գործընկերոջ և Վրաստանի քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ վարչապետի հետ: Հայաստանն այս իրավիճակում ունի Վրաստանին օգնելու ներուժ, սակայն խնդիրը իրավիճակային օգնությունը չէ, քանի որ Վրաստանի համար դա առոչինչ է: Թբիլիսիին հայկական օգնությունը պետք է ռազմավարական կտրվածքով, սակայն դրա համար նախ պետք է հասկանալ՝ իսկ Վրաստանը պատրա՞ստ է կամ համարո՞ւմ է, որ լարվածության այդ աքցանից ելքը կարող է լինել Հայաստանի հետ ռազմավարական երկխոսության խորացումը: Որովհետև լարվածության երկու գծերը ոչ միայն կարճաժամկետ չեն, այլ ավելին, պետք չէ բացառել նաև երրորդը՝ թուրքական ուղղությունից, հաշվի առնելով, թե որքան է մեծանում թուրքական ֆինանսատնտեսական ազդեցությունն ու ներկայացվածությունը Աջարիայում: Եվ այստեղ խնդիրները ռազմավարական են, մարտահրավերները խորքային են, ըստ այդմ՝ լուծումները ևս կարող են լինել միայն խորքային, իսկ Վրաստանի համար այդ իմաստով անվտանգային խորություն կարող է հաղորդել Հայաստանը, եթե Վրաստանը պատրաստ է դրան: Եթե պատրաստ չէ, ապա հարց է առաջանում, թե, ուրեմն ինչի՞ է պատրաստ՝ դանդաղ կապիտուլյացիայի՞: