Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Սպուտնիկ գործակալության մեդիասրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք թափանցիկ ակնարկ են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը նոր իշխանության շրջանում քաղաքական հետապնդման է ենթարկվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգով:

http://lragir.amԹեեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ի պատասխան լրագրողների հարցի խուսափել է այդ մասին հայտարարել ուղիղ, սակայն օրինակ   է, թե դա իր համար շատ ծանոթ ձեռագիր է, որ տեսել են 2008-ին, 1996-ին: Նա ասել է նաեւ, թե նոր իշխաության մեջ բազմաթիվ են մարդիկ, որոնք կապված են առաջին նախագահի հետ եւ իշխանության մեջ կազմում են շոշափելի ուժ:

Վիկտոր Սողոմոնյանը տվել է նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի անունը: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, որ նույն Վլադիմիր Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տարիներ շարունակ եղել է Քոչարյանի համար ամենավստահելի մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի ղեկավարած ԱԳՆ մամուլի քարտուղարը եւ այդ պաշտոնից հեռացել է 2008 թվականի նախագահի ընտրությանը հաջորդած բողոքի շրջանում:

Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանն իշխանության կարեւոր ուղղություններից մեկում՝ արտգործնախարարությունում հանդուրժել Տեր-Պետրոսյանի շրջապատի անձին:

Այդ հարցերը սակայն նախկին նախագահները թերեւս պետք է պարզեն միմյանց միջեւ, իսկ հանրության համար իրապես կարեւոր հարց է, թե նոր իշխանությունը, որ ձեւավորվել է համակարգը հեղափոխական ճանապարհով մերժելու արդյունքում, որքանո՞վ է գտնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցության ներքո: Աներկբա է, որ կադրերը դեռեւս չեն նշանակում ազդեցություն, եւ այդօրինակ եզրահանգումները պարունակում են մանիպուլյատիվ մոտիվ, որը փորձում է իր պաշտպանական մարտավարությունում կիրառել Ռոբերտ Քոչարյանն ու նաեւ նրան հարող որոշակի շրջանակներ:

Հետաքրքիր է, որ տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ Ռոբերտ Քոչարյանին հարցրել էին, թե ինչու՞ է Տեր-Պետրոսյանն անընդհատ թիրախավորում հենց իրեն, Քոչարյանը պատասխանել էր իր հետնախագահական կյանքի մի որսորդական պատմությամբ, որ ըստ նրա պատմել էր օտարերկրացի մի որսորդ: Խոսքը «արջի պատմության» մասին է: Այդ որսորդը անընդհատ ասել է, որ ամենասարսափելի կենդանին արջն է, եւ պարզվել է, որ նա այդպես է մտածում, քանի որ արջը մի առիթով լավ ջարդել է նրան: Երկրորդ նախագահը ակնարկում էր իր հանդեպ առաջին նախագահի «պարտության» կամ «ջարդվելու» բարդույթի մասին:

Նույն կերպ, կարող են հարց տալ Ռոբերտ Քոչարյանին, թե ինչու՞ է նա հիմա նոր իշխանությանը թիրախավորում անընդհատ ընդգծելով Տեր-Պետրոսյանի հետ կապն ու ազդեցությունը: Արդյոք հիմա էլ Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հանդեպ ունի «պարտության» կամ «ջարդվելու» բարդույթ:

Միաժամանակ, կարծես թե արդեն տարիների փաստ է, որ Հայաստանի հանրային կյանքն ու գիտակցությունն է «բարդույթավորվել» երեք նախկին նախագահների հարաբերության տարաբնույթ բարդույթների հետեւանքով:

Այդ ցանցը այժմ փորձ է արվում նետել նաե հետհեղափոխական իրավիճակի վրա, այն վերադարձնելով նախորդ քառորդդարյա ծուղակ:

Այդ փորձը կարող է սկզբունքորեն կասեցնել միայն Հայաստանում իշխած նախկին համակարգին տրված գնահատականը, դրանով ի վերջո հանրային գիտակցությունն ու հասարակական-քաղաքական օրակարգը եւ ուղենիշները դուրս բերելով երեք նախագահների այդ բերմուդյան եռանկյունուց, որի ամեն մի անկյունում կա կեղծված ընտրության եւ իշխանության յուրացման մի առանձնահատուկ պատմություն եւ դրվագ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քաղաքական գնահատականի փորձ արեց մարտի 1-ին, իր ուղերձով, որում պետության անունից ներողություն խնդրեց ոչ միայն մարտի 1-ի, այլ նորագույն պատմության մոտ երեք տասնամյակի շրջանում քաղաքական բոլոր հետապնդումների զոհերի հարազատներից եւ տուժածներից:

Բայց, այդ քաղաքական-խորհրդանշական քայլն ըստ երեւույթին բավական չէ բարդույթների մանիպուլյատիվ ցանցից հանրությունն ու հասարակական-քաղաքական միտքն ազատելու համար, եւ անհրաժեշտ է առավել ինստիտուցիոնալ գնահատական՝ խորհրդարանում, որով կսահմանվեն քաղաքականության նոր նշաձողեր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...