ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 15-ին հյուրընկալել էր ԱՄՆ-ում բնակվող վեցամյա Մայքլ Միխանին, «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել տղայի հետ զրույցից` շեշտելով, որ նրա հետ քննարկել է Հայաստանին վերաբերող մի շարք հարցեր, փորձել համոզել փոքրիկին բնակություն հաստատել Հայաստանում: Պարզվել է` տղան որոշել է դառնալ ԱՄՆ նախագահ:

«Նախօրեին, երբ կարդում էի քաղաքացիների գրած նամակները, (ցավոք՝ օրվա մեջ ընդամենը մի քանի նամակ եմ հասցնում կարդալ՝ պատահականության սկզբունքով, ինչի համար ցավում եմ) տեսա Գայանե Արզումանյանի նամակը, ով գրել էր, թե որդին երազում է ինձ հետ հանդիպել:
Հանդիպումը նախ ուներ մի շատ գործնական նպատակ. պարզվեց Մայքլը ուզում էր պարզել՝ ես իրականության մեջ գոյություն ունե՞մ, թե գոյություն ունեմ միայն հեռուստացույցի մեջ: Այս հարցի պատասխանը ստանալով, երեք կարևոր հարց դրեց քննարկման սեղանին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ`պատմել է վարչապետը:

Կարևոր հարցերից մեկն այն է եղել, որ Հայաստանում թափառող շները շատ են, և կառավարությունը պետք է ապաստարաններ ստեղծի նրանց համար:

Երկրորդ հարցը վերաբերել է աղբին, որը կա շքամուտքներում ու բակերում, իսկ երրորդ հարցով զրուցակիցներն անդրադարձել են ծխելու թեմային` ընդունելով, որ մարդիկ ծխում են ամեն տեղ և ամենուր: Սրան պետք է վերջ տալ:

Վարչապետը փորձել է համոզել տղային, որ ժամանակի ընթացքում  այդ բոլոր հարցերը լուծվելու են, բայց Միխանին պետք է վերադառնա Հայաստանում ապրելու:

«Դժվար էր տրվում այս խոսակցությանը, չէր ուզում խոստանալ:

Վերջում պարզվեց՝ շատ կոնկրետ պատճառ ունի նման դիրքորոշման համար. որոշել է ԱՄՆ նախագահ դառնալ:

Տիկնայք և պարոնայք, երեկ այսպիսով, պատիվ ունեցա հանդիպել ԱՄՆ առաջին հայազգի նախագահի հետ, ով պաշտոնավարումից հետո մշտական բնակության կտեղափոխվի Հայաստան»,- կատակով եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...