Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, որով Գրիգորյանը պետական մի շարք գերատեսչությունների առաջ բարձրացրել է Սահմանադրական դատարանում ճգնաժամի հարցը:

Ճգնաժամը, ինչպես հայտնի է, փաստացի առաջացրել է հենց ինքը Վահե Գրիգորյանը, հայտարարելով ՍԴ նախագահի պարտականությունը ստանձնելու մասին՝ Սահմանադրության արդեն հայտնի մեկնաբանությամբ, որ արել էր դատավորի կարգավիճակում իր խորհրդարանական երդումից հետո: Դրանից հետո ՍԴ-ում փաստացի առաջացել է երկվություն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Գրիգորյանի այդ քայլն իրենց համար անակնկալ էր: Բայց թվում է, որ գոնե վարչապետ Փաշինյանի համար այդ քայլն անակնկալ չպետք է լիներ: Հակառակ դեպքում, տեղի ունեցածը ստանում է բոլորովին այլ տողատակ և համատեքստ, ու բավականին վտանգավոր:

Ի դեպ հատկանշական է, որ խնդիրը ծագեց, կամ Վահե Գրիգորյանն իր հայտարարությունն արեց այն օրը, երբ առավոտյան հայտնի դարձավ, որ դրա նախորդ օրը Հրայր Թովմասյանը՝ ՍԴ այսպես ասած՝ պաշտոնական կամ ՀՀԿ-ական վարկածով նախագահը, հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ: Արդյո՞ք այդ հանդիպումն է գեներացրել ինչ-որ գործընթաց և բերել Վահե Գրիգորյանի հայտարարության՝ վարչապետի հետ քաղաքական համաձայնությամբ, թե՞ հակառակը՝ Գրիգորյանի հայտարարության սպասումն է դեսպանին բերել Թովմասյանի մոտ: Համենայնդեպս, ստեղծված իրավիճակում բոլորը օբյեկտիվորեն սպասում են գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի արձագանքին: Նիկոլ Փաշինյանը չի շտապել իրավիճակը մեկնաբանելու հարցում: Միաժամանակ հատկանշական է, որ Վահե Գրիգորյանի նամակին առաջինը արձագանքում է հենց կառավարությունը, և ոչ թե նրան ընտրած խորհրդարանը: Դա վկայում է, որ կա Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման համընդհանուր սպասում: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ որոշումը կա՞, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը: Նրա խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է խնդրի հաղթահարման գործում իր մասնակցության ձևաչափի հարցը: Որոշումը կա, իսկ այն իրականացնելու ձևաչափը՝ ո՞չ, թե՞ չկան երկուսն էլ: Կամ գուցե կան մի քանի տարբերակներ, և կառավարությունը պետք է ընտրի առավել օպտիմալը: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ կառավարության ընտրությունը կախված է քաղաքական այլ գործոններից և իրադարձություններից, որոնք այս ընթացքում վարչապետ Փաշինյանի դիտարկման տիրույթում են և դրանց հանրագումարից է որոշվելու հետագա քայլերի թե՛ բովանդակությունը, թե՛ իրականացման ձևաչափը:

Իրավիճակն, իհարկե, արտառոց է՝ երկրում փաստացի չկա Սահմանադրական դատարան, ընդ որում ոչ թե Սահմանադրությունից ելնելով, այլ այն քաղաքական իրավիճակից, որ ստեղծվել է Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո՝ գործադիր իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի լռության պայմաններում: Մյուս կողմից չափազանցություն կլինի ասել, թե դա կաթվածահար է արել պետական կառավարումը կամ արդարադատությունը, որովհետև առաջինը, խոշոր հաշվով, կախված չէ ՍԴ-ից, և մեծ հաշվով, երբեք էլ չի եղել կախված և այդ կառույցը եղել է նախկին համակարգի գործիք, և երկրորդը հենց վերջին պատճառով՝ Հայաստանում չի եղել արդարադատություն, որ խոսենք արդարադատության համակարգի կաթվածահար լինելու մասին: Բայց ամբողջ հարցն այն է, որ գլխավորը ներկայումս Հայաստանում «ինչ եղել՝ չի եղել»-ը չէ, այլ այն, թե ինչ պետք է լինի: Այստեղ է, որ անհրաժեշտ է լուծում և հանգուցալուծում: Եվ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի առկայությունն այստեղ կարող է լինել առիթ, սակայն չպետք է լինի գլխավոր նպատակ թելադրող:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...