Փոխվարչապետի անակնկալ հայտարարությունը. գազ Իրանի՞ց

- in Տնտեսական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար:

http://lragir.amՄհեր Գրիգորյանը օրերս էր Թեհրանում, որտեղ նա մասնակցել է հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստին, նաեւ հանդիպում ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Մհեր Գրիգորյանն Ազատությանը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունը միայն սկսված է եւ ներկայումս չունի որեւէ թվայնացված պայմանավորվածության տեսք, բայց քննարկումը սկսված է եւ այն էլ առաջին անգամ: Նրա խոսքով, բանակցվում է ներքին սպառման գազ ստանալու եւ դրա դիմաց էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով վճարելու բանաձեւ: Մհեր Գրիգորյանը համենայն դեպս հայտնել է, որ իրեն հայտնի չէ, թե նախկինում քննարկվել է այդպիսի բանաձեւ:
Փոխվարչապետի հայտարարությունը թերեւս աննախադեպ է, որովհետեւ պաշտոնական Երեւանը նախկինում չի խոսել այն մասին, որ Իրանի հետ բանակցել է ներքին սպառման գազ ստանալու համար: Ավելին, երբ Հայաստանի նախկին իշխանության պաշտոնյաներին լրագրողները հարց էին ուղղում իրանական գազի մասին՝ որպես ռուսականին այլընտրանք, նրանք պատասխանում էին, որ բանակցություն չի եղել, քանի որ Իրանը չի առաջարկում մրցունակ էժան գին:

Այլ կերպ ասած, տպավորություն էր, որ Երեւանը սպասում է Իրանի առաջարկին: Մինչդեռ, Իրանն էլ պարբերաբար հայտարարում էր, որ պատրաստ է քննարկել հարցը Երեւանի հետ:

Այդպիսով, մինչ այժմ չի՞ եղել քննարկում ընդհանրապես, թե՞ չի եղել քննարկում գազ ապրանքի դիմաց բանաձեւի տրամաբանությամբ: Մյուս կողմից, դա արդեն թերեւս էական էլ չէ եւ կարեւոր է, որ քննարկում կա այժմ:

Փոխվարչապետ Գրիգորյանը նշել է, որ Երեւանի համար առավել ցանկալի է վճարել էլեկտրաէներգիայով, քանի որ դա թույլ կտա շահեկան գնային էֆեկտ ստանալ ընդհանուր էներգետիկայում: Երեւանը ներկայում Իրանից գազ է ստանում գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակում: Թեհրանի պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ Իրանին այդ գործարքը այդքան էլ անհրաժեշտ չէ, բայց քանի որ բարեկամ Հայաստանը հայտնել է դրա ցանկություն ու ունեցել անհրաժեշտություն, իրենք գնում են այդ գործարքին:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ էլեկտրաէներգիայով վճարելը Թեհրանի համար այդքան էլ գրավիչ տարբերակ չէ: Մյուս կողմից, կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխել ԱՄՆ պատժամիջոցների խստացված քաղաքականությունը, Իրանի համար բարձրացնելով էլեկտրաէներգիայի անհրաժեշտությունը: Այդ դեպքում Երեւանի առաջարկը կարող է լինել օգտակար եւ քննարկելի:

Մյուս կողմից, այստեղ իհարկե խնդիրը, բացի տնտեսականից, ունի նաեւ գլոբալ-ռազմաքաղաքական համատեքստ, հաշվի առնելով այն, որ ներկայում գազային բարդ բանակցության փուլում են Երեւանն ու Մոսկվան, եւ այդ բարդությունն էլ կախված է քաղաքական կամ ռազմա-քաղաքական համատեքստից: Այլ կերպ ասած, այդ բարդությունը Հայաստանի ինքնիշխանության վերականգնման գինն է, պայմանավորված մի շարք նուրբ եւ ոչ միարժեք հարցերով:

Ինքնիշխան Հայաստանը կարեւոր ռազմա-քաղաքական գործոն է Թեհրանի համար եւ Իրանի համար հենց այդ համատեքստում է հարցը ստանում կարեւոր քաղաքական նշանակություն, երբ տնտեսական բաղադրիչը կարող է ունենալ անհամեմատ ավելի ցածր գին, քան քաղաքականը: Կօգնի՞ Թեհրանը Երեւանին Մոսկվայի հետ բարդ բանակցության ամուր դիրքերի հարցում:

Այդ հանգամանքը նաեւ էական դեր կարող է ունենալ ԱՄՆ-ի համար, որպեսզի Նահանգները եւս չխանգարի Հայաստանի ինքնիշխանության այդ կարեւոր դրվագին՝ իրան-ամերիկյան հարցով պայմանավորված արգելակներ չստեղծելով հայ-իրանական հարաբերության համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան