Փոխվելո՞ւ է Արմեն Սարգսյանի վարքագիծը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո

- in Վերլուծական

Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ. պատասխանելով Պուտինի հետ զրույցի թեմաների մասին լրագրողների հարցին՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Պուտինի հետ նա զրուցել է Մինսկում, հունիսի 30-ին՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Պուտինն ու Սարգսյանը նստած էին կողք կողքի:

Հայաստանի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունը կառուցված էր այնպես, որ ստեղծում էր բավականին տևական մտերմիկ զրույցի տպավորություն: Ընդ որում, նկատելի էր, որ այդ հանգամանքը չի վրիպում Պուտինի մյուս կողքին նստած Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և նրա կողքին նստած Տաջիկստանի նախագահ Ռահմոնի աչքից:

«Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ» արտահայտությամբ Արմեն Սարգսյանն ավելի է սրում զրույցի, այսպես ասած, ինտրիգը: Դա նշանակում է, որ քննարկվել են կամ կարող էին քննարկվել ներկայումս հանրային հետաքրքրության դիապազոնում գտնվող բոլոր թեմաները: Համենայն դեպս, իր պատասխանով Արմեն Սարգսյանը տալիս է ցանկացած թեմայի վերաբերյալ ենթադրության կամ եզրակացության հիմք:

Օրինակ՝ խոսե՞լ են Հայաստանի ներքին զարգացումներից և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործից, նաև այդ համատեքստում ՌԴ դեսպանի նկատելի և բավականին աղմուկ հանած և Հայաստանում էլ պաշտոնական մակարդակով աննախադեպ արձագանքի արժանացած աշխուժությունից: Այստեղ խնդիրը անշուշտ լայն համատեքստն է, հայ-ռուսական հարաբերությունը, դրանում առկա խնդիրները կամ տրանսֆորմացիոն գործընթացները, քանի որ այդ հարցն էլ իր հերթին զգալիորեն պայմանավորում է ռեգիոնալ և ընդհուպ աշխարհաքաղաքական ավելի լայն գործընթացների արդյունավետությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի համատեքստում:

Համենայն դեպս, Արմեն Սարգսյանից թերևս արժի ակնկալել փոքր-ինչ ավելի մանրամասնություն, թե կոնկրետ ամեն ինչից մի քիչ, մի քիչ խոսելիս՝ «որից ինչ են խոսել ՌԴ նախագահի» հետ: Որովհետև այստեղ իհարկե կա հետաքրքիր մի հանգամանք:
Մասնավորապես, Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր շերտեր, որոնք հանրային ընկալման մեջ դիտարկվում են որպես Ռուսաստանի պաշտպանությունը վայելող, այդ թվում և դեսպանի աշխուժության համատեքստում, տևական ժամանակ է՝ Արմեն Սարգսյանին պահում են սուր քննադատության տիրույթում, հատկապես Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումից հետո: Քննադատությունն անցավ անգամ անձնական վիրավորանքի սահմանը: Ըստ այդմ հարց է ծագում՝ արդյոք ՌԴ «հովանու» վերագրվող այդ համակարգի սուր քննադատությունը նշանակո՞ւմ էր Արմեն Սարգսյանի հասցեին հենց Ռուսաստանի սուր քննադատություն ու դժգոհություն: Եվ Արմեն Սարգսյանը ՌԴ նախագահի մոտ արդարացե՞լ է, թե՞ փորձել է պարզել հենց այդ հանգամանքը, թե որքանով է Հայաստանի նախկին իշխանությունից հորդող այդ քննադատությունը արտացոլում իր գործունեությունից ՌԴ բարձր մակարդակի դժգոհություն:

Փոխվելո՞ւ է Արմեն Սարգսյանի վարքագիծը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո, թե՞ այդ հանդիպումը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունում ՌԴ վարքագծի փոփոխության գործընթացին: