Քաղավիացիայի կոմիտեի նախագահն իր աշխատասենյակից որևէ ներդրողի «դուրս չի հրավիրել»

- in Պաշտոնական
Մամուլում տարածված տեղեկությունը, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջերս իր աշխատասենյակից դուրս է հրավիրել պոտենցիալ ներդրողի, որը պատրաստակամություն է հայտնել Երևանից Եվրոպա երկու ուղղություններով կանոնավոր թռիչքներ կազմակերպել, չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի քաղաքացիական ավիացիան հայտնում է, որ Տաթևիկ Ռեվազյանն ամեն օր ունենում է բազմաթիվ հանդիպումներ, սակայն որևէ մեկին երբևիցե իր աշխատասենյակից դուրս չի հրավիրել, առավել ևս, երբ խոսքը գնում է ավիացիոն ոլորտում ներդրումներ կատարելու մասին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ողջունում է բոլոր տեսակի ներդրումային ծրագրերը՝ կապված ավիացիայի զարգացման հետ և իր պատրաստակամությունն ու աջակցությունն է հայտնում նման նախաձեռնություններին:
Ստացվող առաջարկություններն ուսումնասիրվում և քննարկվում են ինչպես կոմիտեի մասնագետների հետ՝ կոմիտեի ներսում, այնպես էլ, հարկ եղած դեպքում, մասնավոր հատվածի  մասնագետների հետ: Ստացվող առաջարկություններում եղած խնդիրները հիմնականում չեն առնչվում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթների հետ: Նշված խոչընդոտների լուծման նպատակով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտ համագործակցում է պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ:
Կոմիտեի և մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ կարող է հանդիսանալ 2019 թվականի ընթացքում 2 «CESSNA» տիպի օդանավերի գրանցումը, որը հիմք կհանդիսանա ընդհանուր ավիացիայի զարգացման համար:
Հաղորդվում է նաև, որ առաջարկություններ են ստացվել «RYANAIR» և «WIZZ AIR» ավիաընկերությունների կողմից՝ 2020 թվականի 2-րդ կիսամյակում դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու նպատակով: