mard

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ նախօրեին հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, որոնք մտահոգություն են հայտնել կոնվենցիայի որոշ դրույթների վերաբերյալ, դրանք համարելով Հայ ազգային ընտանիքի արժեքներին եւ եկեղեցու վարդապետությանը հակասող:

http://lragir.amԹեմակալ առաջնորդները կոչ են արել Հայաստանի իշխանությանը զերծ մնալ կոնվենցիայի վավերացումից:

Թե ինչ կանի եկեղեցին վավերացման դեպքում, թեմակալ առաջնորդները չեն խոսում, միաժամանակ նշելով, թե շարունակելու են աջակցել հայ ընտանիքներին ներընտանեկան խոչընդոտները հաղթահարելու եւ համերաշխության հարցում:

Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդների մտահոգությունը պարփակվում է այն շրջանակում, որը վերջին օրերին արտահայտվում է կոնվենցիայի վերաբերյալ քննադատություններում, որ ազգային արժեքի եւ ավանդույթի պահպանության քողի ներքո իրականացվում է նախկին իշխող համակարգի անթաքույց հրամանատարությամբ:

Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ կոնվենցիայի վերաբերյալ հարցերը պարզելու եւ իրավիճակը պարզաբանելու համար խորհրդատվական կարծիք են ակնկալում Վենետիկի հանձնաժողովից, որին դիմել են կոնվենցիայի հարցով:

Վենետիկն ըստ երեւույթին պետք է ասի, թե այն վավերացնելու դեպքում ի՞նչ ուղղակի պարտավորության տակ է մտնում Հայաստանը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյոք այդ պարտավորության շարքում պետք է լինեն քայլեր, որոնց վերաբերյալ տագնապը շեփորվում է այս օրերին եւ ինչի հիմքով իշխանության հասցեին հնչում է «ազգի դեմ դավադրության» մեղադրանք:

Նուրբ պահ է այն, որ Վենետիկի հանձնաժողովն այս օրերին դարձել է նախկին իշխանության համար առավել հարգելի եւ պատվելի, քանի որ այնտեղից ակնկալվում է խորհրդատվական օժանդակություն Ռոբերտ Քոչարյանի գործով: Հետեւաբար, եթե հանձնաժողովը սփոփիչ պարզաբանում տա նաեւ կոնվենցիայի գործով, ապա այդ շրջանակներին բավական բարդ կլինի թիրախավորել եւ անվստահություն հայտնել Վենետիկին, քանի որ այդ դեպքում էլ իշխանությանը կտան Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի որեւէ անցանկալի պարզաբանմանն անվստահություն հայտնելու լեգիտիմ հնարավորություն:

Մյուս կողմից, սակայն, իրապես կա խնդիրը, թե որքանո՞վ է կոնվենցիան Հայաստանին դնելու այնպիսի արժեհամակագային օրենսդրական լուծումների պարտավորության առաջ, որոնց նկատմամբ հայկական հանրությունն ադապտունակ չէ միանգամայն օբյեկտիվ եւ հիմնավոր պատճառներով: Ըստ այդմ, որոշակի արժեհամակարգային եւ մտածողական միջավայրում գտնվող հանրությանն այդօրինակ նորմեր պարտադրելն իր հերթին հավասարազոր կլինի բռնության:

Որքան էլ պարզ է, որ «ազգային արժեքը» նախկին համակարգի, դրան հարող մի շարք շրջանակների համար եղել է ընդամենը ազգը բառի բուն եւ պատկերավոր իմաստով մերկացնելու քաղաքականության քող, այդուհանդերձ կան իրողությունների հետ կապված ավելի խորքային հանգամանքներ, որոնք պետք է հասկանալ ամբողջությամբ:

Այդ իմաստով, նոր իշխանությունն էլ թերեւս ունի իրավիճակն օբյեկտիվորեն, խորությամբ հասկանալու անհրաժեշտություն, եւ Վենետիկի պարզաբանումը կարեւոր է նաեւ հենց այդ տեսանկյունից: Այդ իմաստով, մի կողմից հասկանալով Հայաստանում աղմուկի մեջ հսկայական մանիպուլյատիվ մոտիվն ու ջանքը, այդուհանդերձ պետք է դիտարկել, որ օբյեկտիվ իրողությունների առկայության պարագայում այդ աղմուկն անհրաժեշտության դեպքում կարող է փաստարկ լինել նոր իշխանության ձեռքին՝ կոնվենցիայի ծուղակից դուրս գալու համար, որում խոշոր հաշվով հայտնվել է նախկին իշխանության պատճառով, որը եղել է այդ կոնվենցիայի տակ ստորագրողը:

Աներկբա է մի բան, որ չեն կարող համատեղելի լինել բռնության որեւէ դրսեւորում եւ ազգային որեւէ արժեք: Ըստ այդմ, ներկայիս աղմուկի մեջ կա մի վտանգավոր տողատակ կամ հանգամանք: Բանն այն է, որ կա ռիսկ, որ մտածողության եւ ընկալումների ենթագիտակցական մակարդակում բռնության դեմ պայքարը ինքնաբերաբար կարող է հակադրվել ազգային ավանդույթ կամ արժեք հասկացությանը, արդեն վարքագծային տիրույթում դառնալով խորքային շեղումների պատճառ: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ եթե կոնվենցիան պետք է չվավերացվի, ապա ոչ թե նենգափոխված եւ մանիպուլյացված, առավելապես քաղաքական շարժառիթով աղմուկի պատճառով, այլ խորքային դիտարկման եւ ամբողջական ախտորոշման շնորհիվ պարզաբանված իրական խնդիրների, որպեսզի մերժումն իսկ լինի առողջ գործընթաց, ոչ թե բռնությունն «ազգային արժեքի» քողի ներքո լեգիտիմացնող իրավիճակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...