Քոչարյանն անընդհատ ուզում է ցույց տալ, որ ինքը Կրեմլի աջակցությունն ունի, որ Պուտինի «մարդն» է այստեղ, բայց իրականում այդպես չէ

- in Կարծիք

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն` անդրադառնալով դիտարկմանը, որ լրատվամիջոցներում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցը, նշեց, որ Ռ. Քոչարյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել:

Ըստ Հովհ. Իգիթյանի, նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ է դարձել. «Բախտի կամ իրավիճակի բերումով նա նշանակվել է ինչ-որ պաշտոնի, և հիմա հանկարծ փորձում է իրեն ներկայացնել որպես քաղաքական գործիչ: Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ով է Ռ. Քոչարյանը, ինչի համար է եկել Հայաստան, ինչ է արել, ինչ գումարներ է վաստակել և որտեղ է դրանք օգտագործել»:

Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ռուսական լրատվամիջոցներին և ռուսական լսարանի համար, և Քոչարյանն անընդհատ ուզում է ցույց տալ, որ ինքը Կրեմլի աջակցությունն ունի, որ Պուտինի «մարդն» է այստեղ, բայց իրականում այդպես չէ: Քոչարյանը փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ իբրև թե Հայաստանում մարդիկ կան, որոնք պայքարում են պրոռուսական ուժերի դեմ: Նրա հնչեցրած հայտարարությունների հաշվարկն է, որ փորձում է ցույց տալ, թե Հայաստանում հակառուսական ուժերն են իբրև թե եկել իշխանության, ինչը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, և իբրև թե ինքը միակն է, որ պայքարում է Ռուսաստանի շահերի համար ու հալածվում է ռուսական կողմնորոշման համար, ինչը, իհարկե, անհեթեթ է և ծիծաղելի:

Իսկ Եվրոպային ուզում է ցույց տալ, որ այստեղ հալածվում է քաղաքական հայացքների համար: Քոչարյանը միշտ քաղաքականությունից հեռու մարդ է եղել, Հայաստանը նրան չի հետաքրքրել: Այստեղից ձեռք բերած ահռելի մեծ գումարը նա օգտագործեց Ռուսաստանում հայտնի կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ դառնալու համար. սա է եղել նրա նպատակը: Եվ հիմա նա շարունակում է աշխատել մեր պետության, մեր ժողովրդի դեմ:

Ռ. Քոչարյանը երբեք գոնե մեկ օր ընդդիմություն չի եղել, ուր մնաց հիմա ժողովրդավարական երկրում լինի, երբ ընտրություններն ընթացել են բաց և թափանցիկ»:

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ՍԴ-ն անհասկանալի իրավիճակում է. «ՍԴ-ն չի աշխատում, որովհետև այնտեղ անհեթեթ ձևերով ընտրվել են մարդիկ, որոնք մեկը մյուսին չեն հասկանում… Այդ անհեթեթության մեջ Քոչարյանի փատաբանները խորամանկությամբ ուզում են նրա գործը բերել ՍԴ»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը չի կարող աջակցել Քոչարյանին. «Կա քրեական գործ, մեղադրանքը ներկայացված է»: