serzh-robert

Հայկական համացանցը քննարկում է, կամ ավելի ճիշտ կլինի ասել հեգնում Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթով հայտնված երգը, որի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, կատարողը՝ Ռազմիկ Ամյանը:

Երգը Սերժ Սարգսյանի գովքն է բառի բուն և պատկերավոր իմաստով: Հեղինակները չեն խնայել իրենց երևակայությունը: Խնայե՞լ է նրանց համար ինչ-որ բան պատվիրատուն, թե ոչ, բարդ է ասել, բայց էականն անշուշտ դա չէ: Մի բան թերևս կասկածի տակ չէ, որ երգը չէր կարող հանրային սեփականություն դառնալ Սերժ Սարգսյանի անտեղյակության պայմաններում: Սերժ Սարգսյանն էլ թերևս չէր կարող չպատկերացնել հրապարակայնացման հանրային էֆեկտը կամ այսպես ասած վերստին մերժման էֆեկտը: Ուրեմն հարց է առաջանում, թե ո՞րն է եղել հրապարակայնացման, Սարգսյանի հանդեպ հրապարակային սիրո այդ խոստովանության ու փառաբանման նպատակը, եթե ակնառու է, որ հանրությունն այդ համատեքստում սիրո սպառող չէ, որ լինելու էր:

Հետևաբար, երգը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է եղել այլ սպառման համար, սպառման այլ միջավայրի համար: Ո՞րն է այդ միջավայրը: Այն Հայաստանի՞ ներսում է, թե՞ դրանից դուրս: Մեծ հավանականությամբ միջավայրը ներսում է և կազմում է նախկին իշխող համակարգի շրջանակը:

Սարգսյանին երգն անհրաժեշտ է եղել այդ շրջանակում, որտեղ ներկայումս ընթանում է դիրքային բավականին թեժ պայքար, թե ով է այսպես ասած լինելու հետիշխանական փուլի առաջնորդը: Այդ համատեքստում երկու գլխավոր հավակնորդը բնականաբար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են:

Ընդ որում ակնառու էր, որ ապրիլի 23-ից հետո Սարգսյանը պատրաստ էր հեռանալ նաև այդ տիրույթից, նա ՀՀԿ խորհրդարանական խմբակցությանը ապրիլի 25-ին նույնիսկ հորդորել էր քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը, սակայն Սարգսյանի պլանները թերևս փոխվեցին այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր քաղաքական պլանների մասին: Թեև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թավշյա հեղափոխությունից հետո հանրայնորեն դիտարկվում են այսպես ասած մեկ բևեռում, գործնականում արդեն մեկ տարի է, ինչ նրանց միջև մրցակցությունն իշխող համակարգից տեղափոխվել է «նախկին համակարգի» դաշտ: Այդ համատեքստում, Սարգսյանի երգը Սերժ Սարգսյանի «լավագույն տեքստը» չէ իհարկե, որովհետև նրան հանրայնորեն դարձրել է ավելի շուտ հեգնանքի և քննադատության թիրախ, բայց բուն նպատակի տիրույթում այն իհարկե նախկին համակարգի առերեսման քայլ է, որովհետև այն լսողները փաստացի պետք է կամ «ճանաչեն» այն տեքստը, որ ասված է երգում, իսկ այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն իր առաջնորդական հավակնությամբ ստորադասվելու է Սերժ Սարգսյանին, կամ չճանաչելով պետք է փաստորեն մերժեն Սերժ Սարգսյանին՝ և այդ դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց մերժման համար: Իսկ Սարգսյանի լավագույն տեքստը անշուշտ շարունակում է մնալ նրա հրաժարականի տեքստը: Իհարկե ամենևին ոչ հրաժարականի տեքստ լինելու պատճառով, այլ հետհեղափոխական իրավիճակի այսպես ասած որոշակի կոդային սահմանափակումների, որ Սարգսյանը կամա, թե ակամա դրեց նախկին համակարգի առաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...