Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն է «Արարատբանկի» տերը, գումարը անուղղակի փոխանցվել է նրան

- in Իրավունք
beglaryan barsegh

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշի Բարսեղի»՝ Բարսեղ Բեգլարյանի, և «Ֆլեշ Մոտորսի» «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Բեգլարյանն ու Հովսեփյանը 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս շահերին պատճառելով էական վնաս:

Բարսեղ Բեգլարյանին և Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Ըստ տուժողի՝ Հրայր Հովսեփյանը ընկերության կոնֆերենս սրահում Բարսեղ Բեգլարյանի ցուցումով ու ներկայությամբ երկու ձեռքով հարվածել է իր ուսերին, գցել է գետնին: Պահանջել են վերականգնել իր ենթակայության տակ աշխատած մենեջերների կողմից հափշտակված գումարը:

Ըստ տուժողի՝ իր նկատմամբ կատարված գործողությունները ինքը որպես ռեալ սպառնալիք է ընդունել, զբաղվել է իր բնակարանը «Արարատբանկում» գրավ դնելով: Բնակարանը գրավադրել, բայց գումար չի ստացել, քանի որ, ըստ տուժողի, Բարսեղ Բեգլարյանն է «Արարատբանկի» տերը, գումարը անուղղակի փոխանցվել է նրան:

«Ֆլեշ Մոտորս» ընկերությունից հափշտակություն կատարած երկու աշխատողները մեղադրվել ու արդեն դատապարտվել են, իսկ այս գործով տուժող Մկրտումյանը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 280 հազար դրամի չափով:

Դատական այս նիստում շարունակվեց տուժող Արման Մկրտումյանի հարցաքննությունը, որը սկսվել էր դեռ նախորդ նիստում:

Ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը մի շարք հարցեր ուղղեց տուժող Մկրտումյանին: Մասնավորապես՝ եթե Մկրտումյանի նկատմամբ իրոք բռնություն էր գործադրվել, ինչո՞ւ նա այդ մասին հաղորդում չի տվել անմիջապես, այլ՝ միայն այն բանից հետո է հաղորդում ներկայացրել, երբ քննչական մարմինը նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Արման Մկրտումյանը պատասխանեց, թե ինքը վախեցել է Հովսեփյանի սպառնալիքներից, վախեցել է, թե վերջինս իր վրա «կկրակի», իսկ Բեգլարյանն իրեն սպառնացել էր, թե «10 տարով կնստացնի», ինքը մտավախություն ուներ, որ ընկերությունում կատարված հափշտակությունների քրեական գործի քննությունը Բեգլարյանի ազդեցությամբ ի վնաս իրեն կընթանա, ահա թե ինչու՝ իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումից հետո, սպասելով դրա բողոքարկման ժամկետի ավարտին, նոր միայն հաղորդում է ներկայացրել:

Արման Մկրտումյանը նշեց, որ իր նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ անմիջապես հաղորդում չի տվել նաև այն պատճառով, որ ի սկզբանե ցանկանում էր իրեն պատճառված գույքային վնասի վերականգնմանը հասնել: Ինքը դիմել է քաղաքացիական դատավարության կարգով, ու եթե իր հայցը բավարարվեր, բռնության վերաբերյալ հաղորդում ինքը չէր ներկայացնի: Սակայն առաջին ատյանի դատարանը, իր կարծիքով՝ ո՛չ առանց կողմնակի ազդեցության, իր հայցը մերժել է: Հետագայում վերաքննիչը բեկանել է այդ որոշումը: Այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը մերժել է իր հայցը, ինքը նոր միայն հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ գործադրված բռնության մասին: Ընդհանուր առմամբ՝ երբ նպատակահարմար է համարել, այն ժամանակ էլ հաղորդում է ներկայացրել:

Արման Մկրտումյանն իր բնակարանը «Արարատբանկում» գրավադրելու մասին՝ Հովսեփյանի հարցին պատասխանեց, թե իրեն սպառնում էին, ինքը վախենում էր, որ Հովսեփյանը կվնասի իրեն, նույնիսկ՝ կկրակի իր վրա, վախենում էր, որ «Բարսեղ Բեգլարյանի հասարակական դիրքն իր ազդեցությունը կունենա քննչական մարմինների վրա», ու ինքը խնդիր կունենա օրենքի հետ… «Նենց չէր, որ չէի վախենում, դրա համար էլ դիմեցի այդ քայլին…»:

Հրայր Հովսեփյանը հարցրեց՝ գործի քննության ընթացքում դուք մեզ զարմացրել եք ընկերության գործերի վերաբերյալ ձեր տեղեկացվածությամբ, ինչպե՞ս է, որ կոմերցիոն տնօրեն լինելով՝ ձեր աչքից վրիպել են ձեր աշխատողների կատարած չարաշահումները:

Արման Մկրտումյանը պատասխանեց՝ եթե ինքն առնչություն ունենար կատարված չարաշահումներին, արդեն նրանց հետ կալանավայրում կլիներ, գործի քննությամբ իր առնչությունը չի հաստատվել: Ինքն աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ ու ֆիզիկական հնարավորություն չի ունեցել անձամբ բոլորին վերահսկելու, եթե նկատած լիներ, միանշանակ կկանխեր ցանկացած չարաշահում: Ի վերջո, այդ չարաշահումով իր կատարած աշխատանքն է ջուրը լցվել:

Հրայր Հովսեփյանը ցանկացավ, որ տուժողը նկարագրի՝ ինքն ինչպե՞ս է կոնֆերենս սրահում նրա նկատմամբ բռնություն գործադրել Բարսեղ Բեգլարյանի ցուցումից հետո: Տուժողը նկարագրեց՝ Հովսեփյանը վեր կացավ, երկու ձեռքով անսպասելի հարվածեց իմ ուսերին ու մեջքին, ես նստած էի: Նա ինձ գցեց գետնին ու քարշ տվեց դեպի դուռը…

Տուժողը նշեց, որ Հրայր Հովսեփյանը Բեգլարյանի հանձնարարությամբ զբաղվել է կոնկրետ իր հարցով, մյուս աշխատողների հարցերով զբաղվել են ուրիշները:

Արդեն պարզել էին, որ հափշտակություն կատարածները որևէ գույք չունեն, իսկ ինքը բնակարան ուներ, որի դիմաց բանկը պատրաստ էր 20 հազար դոլար տալ, իրենից պահանջում էին հենց 20 հազար դոլար: Եթե ինքը շքեղ առանձնատուն ունենար Մոնումենտում, իրենից երևի 300 հազար դոլար կպահանջեին. «Պահանջել են էն, ինչ ունեմ»:

Հրայր Հովսեփյանը տուժողին հարցրեց՝ դուք ձեզ «պրոբլեմատիկ աշխատող» համարո՞ւմ եք:

Տուժողը պատասխանեց, որ անբիծ աշխատանքային կենսագրություն ունի, բարդ բիզնեսներ է կառավարել, որևէ գործատուի հետ խնդիրներ չի ունեցել, ունեցել է անթերի վարկային պատմություն, մինչև որ «Արարատբանկի» «թեթև ձեռով» իր վարկային պատմությունը վարկաբեկվել է, իր խնդիրը «Արարատբանկի» «շինծու» վարկի հետ է կապված: Հիմա վարկեր է վերցրել, որ այդ «շինծու» վարկը փակի:

Հովսեփյանի հարցին ի պատասխան՝ Արման Մկրտումյանն ասաց, որ իր նկատմամբ գործադրված բռնությունից հետո ինքը դատաբժշկական փորձաքննության չի դիմել, քանի որ մարմնական ակնառու վնասվածք չէր ստացել, «ճնշումը եղել է ավելի շատ հոգեբանական»:

Արման Մկրտումյանը նշեց, որ առողջական ու անձնական խնդիրներ է ունեցել, Բարսեղ Բեգլարյանն իմացել է իր մասին ամեն բան, ասել է՝ հիմա ժամանակն է, որ սրան խփեմ, ու խփել է…

Իր առողջական վիճակի պատճառով ինքը կարող էր չդիմանալ ճնշումներին, կարող էր մահանալ ոչ թե իր վրա արձակված կրակոցից, այլ, ասենք, ինֆարկտից կամ ինսուլտից…

Հրայր Հովսեփյանը դատարանին ներկայացրեց դեպքի վայրի՝ կոնֆերենս սրահի մի լուսանկար, ու ասաց, թե տուժողի վարկածը՝ թե ինքը նրան տապալել է գետնին ու քարշ է տվել դեպի դուռը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ լուսանկարից էլ երևում է, որ սրահը շատ փոքր ու նեղ է, հնարավորություն չկար այնտեղ որևէ մեկին քարշ տալու:

Արման Մկրտումյանը լուսանկարի վրա ցույց տվեց, որ ինքը նստած է եղել դռնից հեռու դրված աթոռին, Հովսեփյանն իրեն հարվածել, գցել է գետնին ու քարշ է տվել: Ինքը չի ասել՝ նա իրեն 300 մետր քարշ է տվել, կարող է՝ 2 մետր է քարշ տվել:

Տուժողին հարցեր ուղղեց նաև ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանը: Նա հարցրեց, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից է «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում աշխատանքի ընդունվել Մկրտումյանը: Վերջինս նշեց, որ 2012 թվականի հունիսի 1-ին է ընդունվել աշխատանքի ընկերության այն ժամանակվա տնօրեն Մ. Հովհաննիսյանի կողմից: Օգոստոս ամսին ընկերության մյուս տնօրեն Մխիթարյանը իրեն ներկայացրել է Բարսեղ Բեգլարյանին՝ դա եղել է իր ծանոթությունը Բեգլարյանի հետ:

Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, թե տուժողի ասածը «բացարձակ սուտ է»:

Իսկ տուժողը հիշեցրեց, որ Բեգլարյանը այդ հանդիպման ժամանակ հարցրել է՝ որտե՞ղ է նա նախկինում աշխատել, կին, ընտանիք, ծնողներ ունի՞. «Կարող եմ նկարագրել՝ այդ հանդիպման ժամանակ ես որտեղ էի նստած… Ես ամբողջ գործի քննության ընթացքում մի հատ սուտ չեմ ասել»,- պնդեց տուժողը: Իսկ Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, թե ուրիշ հարց չունի…

Ամբաստանյալների շահերի պաշտպանը տուժողին մի քանի հարց տվեց: Տուժողը վերհիշեց, որ Հովսեփյանը իրեն մեքենայով տարել է ընկերության բազա, ճանապարհին ասել է՝ գումարները ես կտամ Բարսեղին, հետո քեզնից կստանամ… Ինքը վախեցած էր՝ բազան ամայի վայրում էր… Հովսեփյանին ասել էին, իբր ինքը ընկերության միջոցները գողացել, իր համար տուն է գնել: Բայց Բարսեղ Բեգլարյանն իր մասին ամեն բան գիտեր, գիտեր, թե ինքն ինչ ուներ, նա իրեն ասել էր՝ իմացի, որտեղ էլ էթաս, հետևիցդ գալու եմ…

Ըստ տուժողի՝ Հրայր Հովսեփյանը «շահագրգիռ անձ չէր, նա լավամարդ ա էղել Բարսեղ Բեգլարյանի առաջ…»:

Պաշտպանը հարցը այնպես ձևակերպեց, որ Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ Մոտորս» ընկերության կառավարման ու կազմակերպչական հարցերով չի զբաղվել, ինչո՞ւ պիտի տուժողից հատուցում ստանալու հարցով զբաղվեր:

Տուժողի կարծիքով՝ Բեգլարյանը ընկերության կառավարմանը մասնակցել է «միջնորդավորված», «կառավարման գլոբալ հարցերին է մասնակցել», ոչ թե նստել, իր հետ հարցեր է քննարկել: Տեղեկատվության աղբյուրը տուժողի համար եղել է ընկերության տնօրեն Մխիթարյանը, ով ամեն ամիս Բեգլարյանին հաշվետվություն էր ներկայացնում ընկերության գործունեության վերաբերյալ…

Տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ չարձանագրվեցին: