12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոց են դարձել ամենավատ պայմաններով դպրոցները. 2,6 միլիարդ դրամ կուղղվի ուսումնական հաստատությունների նորոգման, կահավորման աշխատանքներին

- in Կրթություն

Հայաստանում 12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել այն դպրոցները, որոնք ունեցել են ամենավատ պայմանները։ Եվ երբ խոսվում է ավագ դպրոցի բովանդակային խնդիրների մասին, պետք է իմանալ նաև շենքային պայմանների խնդիրների մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարցերից մեկի զեկուցման ժամանակ նա ասաց, որ իրենք նախատեսում են քանդել ու վերակառուցել 5 դպրոց, քանի որ դրանք կառուցված են այնպիսի մեխանիզմով, որ սեյսմակայուն չեն։ Հարությունյանը թվարկեց այդ դպրոցները, ինչից պարզ դարձավ, որ դրանցից երկուսը Երևանում են, երեքը՝ մարզերում՝ Մասիսում, Ալավերդիում, Հրազդանում։ Դրանից բացի, ըստ Հարությունյանի, հատկացված ֆինանսավորմամբ հաշվարկներ կկատարվեն ևս 6 դպրոցի վերաբերյալ։

Մեկ այլ հարցով, որ նորից ներկայացրեց Հարությունյանը, նախատեսվում է գումար հատկացնել երկու քոլեջներում շինարարական աշխատանքների իրականացման համար․

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում,

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում։

Նախարարը բացատրեց, որ ԵՄ միջոցներով այդ քոլեջները դեռ 5 տարի առաջ ստացել են թանկարժեք գույք ու սարքավորումներ, սակայն չեն կարողանում օգտագործել, քանի որ շենքային պայմանները չեն բավարարում։

Կառավարությունը մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման, նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական վերազինման համար գումարներ է նախատեսում հատկացնել։ Գործադիրի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե որտեղ ինչ ծախսեր են կատարվելու․

Ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոնի ստեղծում Ագրարային համալսարանում,

Ուսանողական ավանի շենքի հիմնանորոգում և գույքով ապահովում, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շենքի վերանորոգում, Երևանի պետական կոնսերվատորիայի շենքի վերանորոգում, Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգում։

Այս ամենի կատարումից հետո բոլոր կահավորումների և նորոգումների գումարները կկազմեն 1,7 միլիարդ դրամ։

Դրանից բացի, նախարարությունը մտադիր է նորոգման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնել․

Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանում,
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում,
Բերդի պետական քոլեջում։

Այս ծրագրերի համար էլ, ըստ Հարությունյանի, կծախսվի 883 միլիոն դրամ։