ԱԱԾ նոր պարզաբանում Ռոբերտ Քոչարյանի գործում. ցանցի վտանգը

- in Կեղտոտ լվացք
Vahan Shirxanyan

Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հայտնի նամակ-մեղադրանքների առիթով հրավիրել են ԱԱԾ եւ ՀՔԾ:

http://lragir.amՇիրխանյանը հաստատել է, ասելով, թե կանչել էին լրացուցիչ պարզաբանումների համար: Թե հատկապես ինչ հարցեր եւ պարզաբանումներ են հետաքրքրել իրավապահներին, չի մանրամասնել թե Շիրխանյանը, թե ԱԱԾ եւ ՀՔԾ կառույցները:

Վահան Շիրխանյանը մի քանի ամիս առաջ էր հրապարակել Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակ-մեղադրանքը, որը պարունակում էր բազում հիշեցումներ անցյալից, այդ թվում հղումներ մարդկանց վրա, որոնք այժմ ողջ չեն:

Օրինակ, Վազգեն Սարգսյանը չկա, որպեսզի ասի՝ Շիրխանյանը լա՞վ է հիշում, թե ինչ է խոսել այս կամ այն դրվագում՝ Քոչարյանի մասին, թե ոչ:

Հատուկ քննչական ծառայությունն ամիսներ առաջ մերժել էր 1998 թվականի նախագահի ընտրության առիթով գործի հարուցումը, որ պետք է այսպես ասած բխեր Շիրխանյանի նամակից: Չի բացառվում, որ այդ որոշումը կայացվել էր` պատկերացնելով նաեւ, որ հետո անհնար էր լինելու մերժել պայմանական ասած Վազգեն Մանուկյանի նամակի հիման վրա 1996 թվականի ընտրության վերաբերյալ գործի հարուցումը:

Նախկին իշխող համակարգի անցյալը հետապնդում է նոր Հայաստանն արդեն մի քանի ամիս: Այդ անցյալի տարբեր սուբյեկտներ իրավիճակի փոփոխությունն օգտագործում են միմյանց հետ հաշիվներ մաքրելու համար՝ պետության, հաճախ նաեւ հեղափոխության անունից: Հիմա Ռոբերտ Քոչարյանի հետ հաշիվ մաքրելու առիթն է, այն ուժերի համար, որոնք նրա հետ եղել են համատեղ իշխանություն, եղել են մեկ գործի մեջ, հետո բաժանվել, մասնավորապես հոկտեմբերի 27-ից հետո, երբ պետք է լուծվեր ողբերգության եւ ահաբեկության հետեւանքով թափուր մնացած իշխանության հարցը եւ այդ հարցն ավելի արդյունավետ լուծեց Ռոբերտ Քոչարյանը:

Մեծ հաշվով, նախկին համակարգի միջեւ հաշիվների պարզաբանման տողատակը լցրել է հետհեղափոխական առօրյայի եւ օրակարգի մի մեծ մաս: Այստեղ կա օբյեկտիվ իրողությունն այն առումով, որ հետհեղափոխական իրավիճակում հանրությունը փորձում է ստանալ պետության դեմ գործված համակարգային ոտնձգությունների ու հանցանքների պատասխանները:

Եվ այդ օբյեկտիվ իրողության պայմաններում էլ այդ համակարգի տարբեր բաղադրիչներ եղած ուժերը տեսնում են մի կողմից միմյանց հետ հաշիվներ մաքրելու, հին «վիրավորանքներ» հատուցելու, մյուս կողմից հանրության աչքին այսպես ասած սրբանալու հնարավորություն:

Այստեղ առաջանում է առանցքային հարց՝ նոր իշխանությունը պետք է խաղա՞ այդ իրողության վրա, թե՞ թույլ չտա, որ այդ իրողության տարբեր կարգավիճակով մասնակիցները շարունակեն խաղալ պետության ու հանրության ապագայի հետ, այս անգամ հետիշխանական իրենց հաշիվներով:

Կառավարելի՞ է արդյոք այդ գործընթացը, որպեսզի հեղափոխությունից հետո հանրությունն անցյալի պատասխանները ստանալու օբյեկտիվ ջանքի եւ պահանջի պայմաններում այդուհանդերձ չհայտնվի անցյալի սուբյեկտիվ ցանցում: Համենայն դեպս, դա ազգային անվտանգության խնդիր է, եւ ԱԱԾ-ն պետք է որ զբաղվի դրա կառավարմամբ, լրացուցիչ պարզաբանումներով նպաստելով ոչ թե ցանցի բերանն ավելի լայն բացելուն, այլ նրան, որ հանրությունը եւ պետությունը մեկ տարի անց չհայտնվեն մի տեղ, որից թվում է դուրս եկան մեկ տարի առաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...