Ազատագրված տարածքները չի համարում Արցախի մաս, կարո՞ղ ենք ապրիորի ենթադրել, որ Քոչարյանը դրանք օկուպացված է բնորոշում

ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի հերոսի կոչումն ունեցող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ իրենց համոզմամբ՝ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի այդ տարածքից 2008թ. փետրվար-մարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր։

Փաստաբանը նման հայտարարություն, բնականաբար, չէր կարող անել՝ առանց Քոչարյանի հետ համաձայնության, ուստի վստահ պնդում ենք, որ երկրորդ նախագահը հատել է Ռուբիկոնը, այլ խոսքով՝ հայտնվել է մի կարգավիճակում, որ այլևս հանդես է գալիս ազգային անվտանգությանը վտանգող հայտարարություններով։

Նման հայտարարություն կարելի է լսել, օրինակ՝ Բաքվից, որը պարբերաբար կասկածի տակ է դնում Արցախի սահմանները՝ ԼՂՀ-ն արհեստականորեն նույնացնելով ԼՂԻՄ-ի հետ։ Կամ՝ եթե Խուդոյանն ազատագրված տարածքները չի համարում Արցախի մաս, կարո՞ղ ենք ապրիորի ենթադրել, որ Քոչարյանը դրանք օկուպացված է բնորոշում՝ ինչպես ժամանակին դա արել է նրա շրջապատի երևելի մարդկանցից մեկը՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, երբ խորհրդարանում պատասխանում էր պատգամավորներից մեկի հարցերին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարությունը քաղաքական մորթապաշտության վտանգավոր դրսևորում է։ Հանուն նեղ անձնական շահերի՝ հնարավոր չէր ավելի սաստիկ հարված հասցնել Արցախի ինքնիշխանությանն ու սուբյեկտությանը։ Քոչարյանն՝ իր նախագահության տարիներին, հենց այսպես է վերաբերվել Արցախին․ նա համարել է, որ նման սուբյեկտ գոյություն չունի, ավելին՝ բանակցային գործընթացից դուրս մղված Արցախը վերածվել է բանակցությունների օբյեկտի։

Հիմա Քոչարյանն, ըստ էութկան, նույնն է անում՝ ավելի վտանգավոր հետևանքներով։ Նա 2008-ի Մարտի 1-ի իր քստմնելի արարքը հիմնավորելու համար փաստացի հայտարարում է, որ չկա սուվերեն Արցախ՝ իր զիված ուժերով, ու հայկական բանակն է «զբաղեցրել» ազատագրված տարածքները։ Այլ խոսքով՝ զարգացվում է ադրբեջանական քարոզչության այն թեզը, թե իբրև Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի որոշ տարածքներ։

Առնվազն զարմանալի, տարակուսելի է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն նշել է, թե Քոչարյանի փաստաբանի հայտարարությունը չի ցանկանում մեկնաբանել, քանի որ Հայաստանի ներքաղաքական, իրավական գործընթացներին իրենք չեն միջամտում. «Դա պետք է պատկան մարմիններից հարցնեք»։ Միևնույն ժամանակ Բաբայանը նշել է. «Ճիշտ չէ, որ Արցախը միջամտի այդ բոլոր գործընթացներին, մենք կարևորում ենք օրենքի գերակայությունը։ Բայց կա Արցախի Սահմանադրություն, դուք կարող եք նույնիսկ ինձ չհարցնել և կարդալ այդ Սահմանադրությունը։ Այնտեղ կա Արցախի վարչատարածքային բաժանումը՝ ինչքան շրջաններ կան, որոնք են շրջկենտրոնները. այնտեղ ամեն ինչ նշված է»։

Ստեփանակերտից ավելի «անատամ» հայտարարություն դժվար էր ակնկալել։

Ռոբերտ Քոչարյանը՝ փաստաբանի միջոցով, բացահայտորեն թքում է Արցախի սահմանադրական կարգի, նրա տարածքային ամբողջականության վրա, իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ասում է, թե չեն ուզում միջամտել Հայաստանի ներքաղաքական, իրավական գործընթացներին։ Պաշտոնական Ստեփնակերտի նման դիրքորոշումը ցինիզմ է, եթե հիշենք, որ Բակո Սահակյաննն ու Արկադի Ղուկասյանն ակտիվ «միջամտող» են դառնում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե Արցախի տարածքային ամբողջականությանն, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքներին։

Սակայն խնդիրն ունի ավելի սկզբունքային շերտ։

Քոչարյանի փաստաբանը միտումնավոր խառնաշփոթ է ստեղծում՝ փոխելով դիսկուրսի էությունը։ Կարևոր չէ՝ Քոչարյանը որտեղ տեղակայաված զինուժն է օգտագործել։ Եթե նույնիսկ ընդունենք նրա վարկածը, որ Արցախից զորք չի բերվել, ինչը հերքվում է Օգանովսկու ցուցմունքով, ապա միևնույն է՝ Քոչարյանը սահմանադրական կարգ է տապալել, որովհետև օրենսդրությունը նրան արգելում էր զինուժի օգտագործումն առհասարակ՝ դրանք տեղակայաված կլինեն Արցախում, թե Հայաստանում։ Քոչարյանի պաշտպանը փաստորեն ընդունում է, որ զինուժ օգտագործվել է, այլ խոսքով՝ ճանաչում է սահմանադրական կարգի տապալման փաստը, սակայն բանավեճը տեղափախում է կեղծ հարթություն, որն իրավական տեսանկյունից՝ անհեթեթ է, իսկ քաղաքական առումով՝ վտանգավոր, որովհետև հայկական կողմի շահերը ստորադասվում են Քոչարյանի անձնական ամբիցիաներին։