ԱԺ Իմ քայլը խմբակցությունը փակ նիստ է անցկացնում: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասաց, որ քննարկելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են ԱԺ նստաշրջանի օրակարգում:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի բերվի ԱԺ, Մակունցը պատասխանեց. Առնվազն եթե հիշենք, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի այդ կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանցից պատասխանը գա: Հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, այնուհետև նոր կհայտնվի ԱԺ օրակարգում: Այնպես որ, սպասելի էր, որ շուտ չի լինելու, և զարմանում էի, թե ինչպես է շրջանառվում սեպտեմբեր ամիսը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը օգոստոսի 28-ին իր առաջին պաշտոնական նիստում քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում սկսվող աշխատանքներին վերաբերվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նիստի ընթացքում պատգամավորների հետ քննարկումներ տեղի ունեցան տարբեր հարցերի շուրջ»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սիմոնյանը նշեց, որ Ամուլսարի հարցը խմբակցության որոշելու հարցը չի, կառավարության որոշելու հարցն է: Ըստ ԱԺ փոխնախագահի` դա գտնվում է մասնագիտական ոլորտում և խմբակցության ներսում կարող է միայն գնալ քննարկումներ, թե ով ինչ կարծիք ունի տվյալ հարցի հետ կապված:

«Դա կառավարության հարցն է, որը, եթե եկավ Ազգային ժողով, այդ ժամանակ կքննարկենք: Մեր գործող կառավարությունը և ես, ինչպես նաև իմ գործընկերները լիակատար աջակցությունն ենք հայտնել մեր վարչապետին: Հարցը գտնվում է քննարկման փուլում: Վարչապետը ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իր եզրակացությունը տա, երբ որոշումը կլինի, մենք այդ ժամանակ մեր կարծիքը կհայտնենք»,- ընդգծեց Սիմոնյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...