Աղբը, Սանիտեքը, Տարոն Մարգարյանն ու նրա հարազատ իշխանության գործունեության բնույթն ու սխեմաները

Taron Margaryan

«Սանիթեքի այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը:

Իհարկե, «Սանիթեքի» գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երեւանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեքի» սեփականատերը, փաստորեն, այլեւս քաղաքական դեսիդենտ է, Երեւանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» քաղաքական ապտակն է քաղաքապետ Մարությանին», Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Սանիթեքի տնօրինությունը ի սկզբանե որոշել էր ասուլիս տալ Թբիլիսիում, պատճառաբանելով, որ Երեւանում կարող է հետապնդման ենթարկվել, քանի որ ընկերության դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Հետո «մեծահոգաբար» համաձայնվել են այդպես չանել, այլ ասուլիս տալ տեսակապի միջոցով, այդպես էլ չժամանելով Երեւան:

Երեւանը կորել է աղբի մեջ: Զարմանալի զուգադիպությամբ, Սանիթեքը դադարեց աղբը հավաքել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, հայտարարելով, թե մեքենաները քիչ են, փողն էլ բավարար չէ: Թե ինչու հանկարծ այդպես չբավականացրին մեքենաներն ու փողը, հայտնի դարձավ քիչ ավելի ուշ. Տնօրինությունը հայտարարեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցել է ինչ որ բանավոր պայմանավորվածություն:

Ստացվում է, որ հենց այդ բանավոր պայմանավորվածության «շնորհի՞վ» էին հերիքում թե փողը, թե մեքենաները: Ինչի՞ մասին էր այդ պայմանավորվածությունը, այդպես էլ չմանրամասնվեց, եւ կարելի է միայն ենթադրություններ անել, նկատի առնելով Տարոն Մարգարյանի եւ նրա հարազատ իշխանության գործունեության բնույթն ու սխեմաները:

«Սանիթեք» ընկերության տնօրենն ասում է, որ ներկայիս պայմանագրով հնարավոր չէ պատշաճ իրականացնել աշխատանքները, և այն վերանայելու անհրաժեշտություն կա: Այսինքն, Երեւանի նոր ղեկավարությունը փաստորեն չի շարունակել «բանավոր պայմանավորվածությունը»:

Ըստ այդմ, քաղաքական հալածանքի մասին հայտարարելուց առաջ գուցե Սանիթեքի տնօրինությունն ասե՞ր, թե ինչ էր պայմանավորվել Տարոն Մարգարյանի եւ մյուսների հետ: Դա քաղաքակա՞ն, թե կոռուպցիոն պայմանավորվածություն էր: Եվ ի՞նչ է լինելու այն պարագայում, եթե քաղաքապետարանը չհամաձայնվի նոր պայմանագրին:

Այդ դեպքում Սանիթեքի համար միակ ճանապարհը թերեւս մնում է միանալ «կոնսենսուս հանած մեկ»-ին, որը թեժ աշուն է խոստանում:

Մինչ այդ, Երեւանի քաղաքապետարանը պատասխանատվություն է կրում աղբահանության վիճակի համար: Աղբը սովորաբար կուտակվում է անգործությունից կամ անկարողությունից: