Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քաղաքական միավոր հավաքելու հնարավորություն

- in Վերլուծական

Ակնառու է, որ Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քաղաքական միավոր հավաքելու հնարավորություն կամ առիթ: Այստեղ իհարկե, ողբերգություն, մեծ հաշվով, չկա:

Այդպիսին է քաղաքականության էությունը՝ քաղաքական նպատակների համար բաց չթողնել որևէ առիթ: Ի վերջո, դա դեռ չի նշանակում, որ առիթն օգտագործող ուժերը ամենևին չեն մտածում Ամուլսարի խնդրի բուն էության մասին: Կարող են թե՛ այդ մասին մտածել և մտահոգվել, թե՛ զուգահեռ փորձել առիթն օգտագործել իրենց քաղաքական հեռանկարի շուրջ մտածելու համար:

Քաղաքականության էությունն է այդպիսին բոլոր երկրներում, պարզապես կան տարբերություններ այդ էության որակական հատկանիշների առումով, որոնք կախված են արդեն թե՛ քաղաքական համակարգի, թե՛ հանրության հասունության ու կայացածության աստիճանից: Ահա այդ առումով կա մի առանձնահատկություն: Ամուլսարի առիթը քաղաքական միավորի համար են փորձում օգտագործել ուժեր, որոնք Ամուլսարի թեմայի տարիների ծավալման ընթացքում այն բացարձակապես չեն դիտարկել իրենց առնվազն հրապարակային օրակարգի մաս, չեն խոսել բնապահպանական խնդիրների մասին, հանրային կարծիքի մասին, իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվական ռեսուրսով չեն լուսաբանել Ամուլսարի համար բնապահպանական պայքարը: Եվ հիմա հանկարծ հայտնվել են այդ պայքարի մասնակիցների շարքում և հայտարարում են ժողովրդի կողքին լինելու մասին:

Սա, խոշոր հաշվով, անհարգալից վերաբերմունք է նույն ժողովրդի նկատմամբ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժերը չեն խոստովանել, որ սխալվել են՝ երբ լռել են Ամուլսարի հանքի շահագործման իրավունքի հարցը լուծելիս, մի քանի տարի առաջ: Լռել են թե՛ խորհրդարանական երկրորդ ուժ եղած ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն, որն այդ շրջանում ուներ անգամ բնապահպանության նախարարի պորտֆել: Վերաբերմունքն անհարգալից է այն առումով, որ հանրությունը դիտարկվում է քաղաքականապես և քաղաքացիականապես անմեղսունակ, որը ունակ չէ հարց տալու այդ ուժերին, թե ինչու են Ամուլսարի մասին հիշել հիմա: Հարց գուցե ոչ ոք չի էլ տա, որովհետև կհամարեն պարզապես ավելորդ, այն պարզ պատճառով, որ հանրությանն այդ հարցի պատասխան չի էլ հետաքրքրում՝ թե ինչ կասեն այդ ուժերը:

Նրանք չունեն այլ ասելիք, որը կարող է պարունակել տրամաբանական բացատրություն՝ բացի հանրության առաջ խոստովանելուց, որ սխալվել են: Թեև խնդիրը ծավալվել է տարիներ շարունակ, և անգամ սխալը հասկանալու համար նրանք ունեին բավարար ժամանակ՝ մինչև հեղափոխությունը: Ավելին, նույնիսկ հեղափոխությունից հետո մեկ տարի այդ ուժերի համար չկար խնդիր, ու առաջացավ հանկարծ այժմ, երբ այն եկել է հանգուցալուծման փուլ: Այս ամենը կարևոր է մի պատճառով՝ անկախ Ամուլսարի շուրջ իրավիճակի հանգուցալուծումից, այն դարձել է նոր քաղաքական շրջափուլի մեկնակետ:

Հայաստանը դեռ պետք է անցնի այդպիսի շատ շրջափուլերով՝ քաղաքական արդիականացման ճանապարհին: Ու այստեղ շատ կարևոր է, որ դրանց ընթացքում տեղի ունենա քաղաքական ֆիլտրացիա, ինչն առաջին հերթին պետք է նշանակի ոչ թե անունների, այլ որակների զտում: Երբ առկա է հին որակներով նոր իրավիճակում քաղաքական դիրքավորման միտում, իսկ տվյալ պարագան դրա օրինակներից է՝ ոչ միակը, բայց ակնառու օրինակներից մեկը, ապա դրա արդյունքը կլինի ոչ թե նոր համակարգը, այլ հին համակարգի վերարտադրությունը քաղաքական նոր փաթեթավորումների ներքո: Ներկայիս մեկնակետային շրջանում լուծվում են շատ խորքային հարցեր՝ Ամուլսարի զուտ ճակատագրից բացի: Ըստ այդմ կարևոր է, որպեսզի մյուս հարցերի առումով էլ հանրությունը ստանա ապագայի համար արդիականացման ներուժ պարունակող լուծումներ կամ գա այդպիսի եզրահանգումների: Ընդ որում, դա ապահովում է նաև կոնկրետ խնդրի առումով հանրային շահի արդյունավետ սպասարկում այն տեսանկյունից, որ առավելագույնս նվազեցնում է հարցը քաղաքական շահադիտական մանիպուլյացիաների և նենգափոխումների ենթարկելու հնարավորությունը: Քաղաքական ուժերը կարող են քաղաքական շահ հետապնդել իրենց ներգրավումով, սակայն նրանք պետք է լինեն իրենց դիրքորոշումների և ամեն արտաբերված բառի համար քաղաքական բացարձակ պատասխանատվության ներքո: Հայաստանի վրա թանկ է նստել ոչ միայն քառորդդարյա ապօրինությունը, իշխանության և հանրային ռեսուրսի յուրացումն ու կոռուպցիան, այլ նաև անպատասխանատու քաղաքականությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...