Ամուլսարի հարցի ընդգրկվածությունը երկկողմ հարաբերության ռազմավարական երկխոսության հեռանկարի համատեքստում

- in Հրապարակ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելի առաջիկա այցի մասին, ասել է, որ նախագահ Թրամփի հետ հանդիպում այդ այցի ընթացքում նախատեսված չէ, թեև հայկական կողմն ԱՄՆ հետ հարաբերության օրակարգում աշխատում է տեսանելի ապագայում այդպիսի հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Հայ-ամերիկյան հարաբերությունում բարձր մակարդակի հանդիպումները երբեք չեն եղել ցուցիչ, որովհետև նախկին բոլոր երեք նախագահների շրջանում էլ դրանք կրել են հազվադեպ ու եզակի, բացառիկ բնույթ: Դա, իհարկե, կախված է ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերության աշխարհաքաղաքական «ստատուսից»: Բարձր մակարդակի հանդիպումներով ԱՄՆ-ը շռայլում է իր ռազմա-քաղաքական դաշնակիցներին: Հայաստանն ԱՄՆ ռազմա-քաղաքական դաշնակիցը չէ, և դա նորություն չէ:

Միաժամանակ, հայ-ամերիկյան հարաբերությունը Վաշինգտոնն էլ երբեք չի պայմանավորել բարձր մակարդակի հանդիպումներով, և այդ իմաստով Նահանգներն ունեն արտաքին քաղաքական ֆունկցիոնալության բավականին բազմաշերտ համակարգ, որը Հայաստանին թույլ է տալիս աշխատել՝ անկախ բարձր մակարդակի շփումների ինտենսիվությունից կամ հնարավորությունից: Այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի առաջիկա ամերիկյան այցին ընդառաջ կարևոր է դառնում, թե երկկողմ հարաբերություններում ինչ օրակարգային հարցեր կան, հաշվի առնելով նաև, որ մի քանի շաբաթ առաջ մեկնարկեց Հայաստանի և ԱՄՆ ռազմավարական երկխոսության պլատֆորմը: Իսկ այդ հարցն իր հերթին հրատապ է դառնում վարչապետի ամերիկյան այցից առաջ և, մասնավորապես, այդ այցին ընդառաջ ստեղծված ներքին քաղաքական իրողությունների ֆոնին, որոնց պատճառը Ամուլսարի հարցն է: Բանն այն է, որ այդ հարցը եղել է հայ-ամերիկյան օրակարգում գրեթե հենց սկզբից և մշտապես եղել ԱՄՆ դեսպանների ուշադրության կենտրոնում՝ Ջոն Հեֆֆերնից մինչև Ռիչարդ Միլս և ներկայումս Լին Թրեյսի, որոնք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ թե՛ նախկին իշխանության շրջանում, թե՛ ներկայումս բաց տեքստով են արտահայտել իրենց ուշադրությունը Ամուլսարի հանքը շահագործելու իրավունք ստացած «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ:

Ընդ որում, այդ վիճակը տարբեր էր մինչև հեղափոխությունը՝ և դարձյալ ոչ առանց խնդրահարույց համատեքստի, և այլ է հեղափոխությունից հետո: Այն, որ խնդրի մասին Նահանգների դիվանագետները բարձրաձայնել են ընդհուպ բաց տեքստով, հուշում է, որ հարցը հայ-ամերիկյան օրակարգում ունի մեծ նշանակություն: Վճռորոշ է, թե ոչ, ասելը բավականին բարդ է, և թերևս հավանական է, որ՝ ոչ, այլապես կան այլ խնդիրներ: Սակայն Ամուլսարի հարցի ընդգրկվածությունը երկկողմ հարաբերության ռազմավարական երկխոսության հեռանկարի համատեքստում, անկասկած, լուրջ է: Ինչ բովանդակությամբ և շեշտադրումներով, դարձյալ ասելը բավականին բարդ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ինֆորմացիայի բավականին մեծ ծավալ, եթե ոչ բացարձակ ամբողջական: Այդուհանդերձ, ակնառու է, որ հարցն իսկապես լուրջ է, որովհետև չի կարող լուրջ չլինել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հեռանկարի խնդիրը: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցից առաջ ի՞նչ վիճակում կլինի Ամուլսարի հարցը և ինչ ազդեցություն կունենա ամերիկյան այցի վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...