Այդ շրջանակների համար Հայաստանում «լավը» եղել է պարբերական արյունահեղությունների ցիկլը

HHK

Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով»՝ համադրելով վերջին օրերի մի քանի իրադարձություն եզրահանգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ակնարկելով, որ հանքի չշահագործումը հարվածելու է Հայաստանի միջազգային վարկին, վստահելիությանը:

Փոխելո՞ւ է վարչապետ Փաշինյանը հանքի շահագործում թույլ տալու իր նախնական կարծիքը, թե՞ ոչ՝ պարզ չէ, սակայն ՀՀԿ փոխնախագահի գրառումն ուշագրավ է նրա ավելի վաղ արածի ֆոնին: Օրեր առաջ՝ Նիկոլ Փաշինյանի նախնական կարծիքի հրապարակումից հետո, ՀՀԿ փոխնախագահը գրառում էր արել և հորդորել «ձերբակալել Սերժին»՝ Ամուլսարի հարցում առճակատման անխուսափելի արյունահեղությունից խուսափելու համար: Թե ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը շոշափել արյունահեղության խնդիրը՝ հնարավոր է միայն ենթադրել: Նա հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն այն կանխելու համար պատրաստ է «ուդառ վերցնել» իր վրա: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը դրան պատրաստ էր միայն ձերբակալվելո՞վ, թե՞ Սարգսյանը կարող էր այլ կերպ էլ նպաստել Ամուլսարի հարցում առճակատումը արյունահեղության չհասցնելուն, եթե իհարկե այդպիսի իրական վտանգ կա, և բանը կարող է հասնել դրան:

Միևնույն ժամանակ, թերևս պետք չէ կասկածել, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են այդ հարցում, որոնք չեն մարսել Հայաստանում թավշյա հեղափոխությունը, գուցե նաև դժգոհել են հետագայում թավշի պահպանումից՝ ձգտելով հնարավորինս ստեղծել այնպիսի մթնոլորտ ու տրամադրություն, որ թավիշը զիջի կոշտ գործողություններին:

Բանն այն է, որ գրեթե տասնամյա պարբերությամբ ողբերգական և արյունալի զարգացումների միջով զարգացման մի հիմնարար փուլից մյուսն անցնող, սակայն արյունահեղության ճանապարհի պատճառով ամեն նոր փուլում նախորդ փուլի պատանդի կարգավիճակում մնացող Հայաստանը 2018-ին կարողացավ անցնել զարգացման նոր փուլ առանց արյունահեղության, բոլորի համար զարմանալի, անսպասելի և թերևս ոմանց համար՝ անընդունելի անարյուն ճանապարհով: Եվ այդ հարցում անխոս իր դերն ունեցել է Սերժ Սարգսյանը: Որովհետև, որքան էլ հայտարարվի այն մասին, որ նա չուներ ուժ կիրառելու հնարավորություն, այդուհանդերձ երբեք հնարավոր չէ չափել այդ հանգամանքը, առավել ևս, որ Հայաստանում արյունահեղություն կարող էին սադրել նաև արտաքին շրջանակներ՝ իհարկե անուղղակի: Ըստ այդմ՝ անարյուն հեղափոխության հարցում Սարգսյանն անկասկած ունի իր որոշակի դերը, եթե անգամ կարողացել է իրավիճակը գնահատել շատ սթափ և հեռանալ առանց դիմադրության: Այս հանգամանքը աշխարհի մի շարք շրջանակներում արժանացել է հիացական գնահատականի՝ Հայաստանը համարելով ֆանտաստիկ օրինակ:

Ակնառու է, սակայն, որ կան նաև շրջանակներ, որոնց համար Հայաստանի ֆանտաստիկ օրինակը վատ նորություն էր և շարունակում է մնալ այդպիսին: Ու քանի դեռ հետհեղափոխական Հայաստանն իբրև համակարգ ձևավորված չէ որևէ կերպ, այդ ուժերը անկասկած փորձելու են վատ նորությունը վերածել իրենց համար լավի: Իսկ այդ շրջանակների համար Հայաստանում «լավը» եղել է պարբերական արյունահեղությունների ցիկլը՝ ամենատարբեր ներքին ու արտաքին առիթներով: