Tun

2019 թվականի հուլիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16’073 գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով:

Երևանում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.1 %-ով:

2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով:

Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին:

Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում:

Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները՝ քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ 2018 թվականի հեղափոխությունը:

Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները՝ քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից:

Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունը ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար և այսպես շարունակ:

Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը և, ըստ էության, գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիպոթեկային վարկերն աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է:

2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիպոթեկային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով»,- գրել է նա:

Որևէ կերպ չենք ուզում կասկածի տակ դնել վարչապետի բերած վիճակագրությունը, առավել ևս՝ լավատեսությունը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունն ինստիտուցիոնալ հիմքեր չունի:

Եթե նույնիսկ մարդիկ զանգվածաբար հիպոտեկային վարկեր են ձեռք բերում, ապա դա ոչ թե տնտեսության իրական աճի կամ եկամուտների որակական ավելացման, այլ դրական սպասումների հետևանք է, որը շատ արագ կարող է փոխակերպվել հիասթափության, եթե հեղափոխության արդյունքները չկապիտալիզացվեն տնտեսական հարաբերություններում: Ավելին՝ վարկային բումը կարող է հանգեցնել բանկային համակարգի ճգնաժամի, եթե մարդկանց եկամուտների իրական աճ չգրանցվի:

Անշարժ գույքի գործարքների ակտիվությունը չի կարող նաև ներգաղթի հետևանք լինել, որովհետև նույնիսկ անզեն աչքով տեսանելի է՝ հետհեղափոխական շրջանում միգրացիոն ստատուս-քվոն, մեծ հաշվով, պահպանվում է:

Անցած մեկուկես տարում չի գրանցվել նաև նշանակալի ներդրումային պատմություն: Նույնիսկ Ամուլսարի հնարավոր շահագործումը որակապես իրավիճակ չի փոխելու: Ամուլսարը, մեծ հաշվով, նախկին կոռուպցիոն համակարգի պրոդուկտ է ու ավելի շատ ոչ թե նոր ներդրումնրի, այլ ներհասարակական անխուսափելի բախումների մասին պատմություն է:

Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ., 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ, և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։

Նշված երեք պաշտոնյաները, հատկապես՝ Արսեն Գասպարյանը, վարչապետի աշխատակազմում պատասխանատու են եղել ներդրումների համար, ու նրանց պաշտոնանկությունն ավելի շատ խոսում է այդ ոլորտում քաղաքականության ձախողումը խոստովանելու ու նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտության մասին:

Այսքանով հանդերձ՝ անշարժ գույքի շուկայում կարող է գրանցվել ակտիվություն, որը հիմնված լինի ոչ միայն հետհեղափոխական դրական սպասումների, այլև տարածաշրջանային միտումների վրա: Ռուսաստանում գործընթացները գնալով անկանխատեսելի են դառնում, և այնտեղ բնակվող մեր հայրենակիցներից շատերը գերադասում են անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում: Նույնը վերաբերում է Իրանի մեր հայրենակիցներին, որոնք թերևս կանխատեսում են իրանա-ամերիկյան հարաբերությունների տխուր հետևանքները:

Վիճակագրությամբ հնարավոր է հասարակությանը նույնիսկ կարճ ժամանակով ոգևորել, սակայն տնտեսական հեղափոխություն իրականացնել անհնար է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...