Անսպասելի ակնարկ վարչապետին. ՌԴ դեսպանը բացում է խաղաքարտերը

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ջերմուկում ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել, հայտնելով իր բարձր տպավորությունը Ջերմուկի մասին:

http://lragir.amՍերգեյ Կոպիրկինը բավականին փորձառու դիվանագետ է, մի կողմից Հայաստանում ամուլսարյան կրքերից տեղյակ լինելու, մյուս կողմից հասկանալու համար, թե իր գրառումն ինչ արձագանք կարող է ստանալ առկա իրողությունների ֆոնին:

Ըստ այդմ, պետք է եզրակացնել, որ Կոպիրկինը գիտակցաբար գնացել է այդ քայլին, նոր շերտ բացելով ամուլսարյան քննարկումներում: Միաժամանակ հատկանշական է, որ դա արվում է այն փուլում, երբ օրերի հարց է վճռորոշ որոշումների կայացումը:

Դեսպանի գրառման տողատակը չափազանց պարզ է եւ դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է «Ամուլսարը սար է մնալու», այն, ինչ դրված է հանքի շահագործման դեմ պայքարող հանրային շերտի մոտեցումների հիմքում: Փաստացի, ՌԴ դեսպանը իր աջակցությունն է հայտնում Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ուժերին:

Եվ այդ հանգամանքը բազմաշերտ կոնտրաստ է ստեղծում օրինակ Հայաստանում ԱՄՆ դեսպանների պահվածքի ֆոնին, որոնք առանց այլեւայլ լուսանկարչական «լեզուների», հանդիպումների ընթացքում իրենց մտահոգություններն են հայտնել խնդրի կապակցությամբ եւ ասել, որ Ամուլսարի հարցն էական նշանակություն է ունենալու Հայաստանի ներդրումային վարկի վրա:

Ինչու՞ է Հայաստանում ռուսական «փափուկ ուժի» գաղափարախոս Կոպիրկինը որոշում խոշոր հաշվով բավական «կոպիտ» ձեւով մուտք գործել թեմա: Բանն այն է, որ դեսպանի այդ «մուտքը» ստեղծում է հակասական իրադրություն:

Մի կողմից նա փաստորեն հաստատում է տարբեր դիտարկումներով շոշափվող այն հանգամանքը, որ Ամուլսարի շուրջ իրավիճակը գեներացվում է աշխարհքաղաքական նկատառումով եւ պարզապես փորձ է արվում խոչընդոտել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում եւ ընդհանրապես տնտեսության մեջ արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագիրը, այն դեպքում, երբ օրինակ ռուսական ընկերությունը հանգիստ շահագործում է Սեւանի ափին մեկ այլ ոսկու հանք:

Ստացվում է, որ դեսպանը «խոստովանում» է այդպիսի վարկածների եւ դիտարկումների իրատեսականությունը, ըստ այդմ բավական հարաբերական է դառնում՝ այդ «միջամտությունը» աջակցությու՞ն է Ամուլսարի շահագործման դեմ անկեղծ պայքարողներին եւ պայքարողներին (որոնք բոլորովին վերջերս հիշեցին միայն Ամուլսարի մասին) ընդհանրապես, թե՞ նրանց հասցեին «մատնագիր»:

Մյուս կողմից, արդյոք դեսպանի թեմա մուտք գործելու հարցում այդ հանգամանքները դիտարկվել են երկրորդական, իսկ գլխավոր է համարվել այն, որ դեսպանի մակարդակով ուղերձ է հղվում վարչապետին, որ Ռուսաստանը դեմ կլինի, եթե կայացվի հանքի շահագործման մասին որոշում:

Բայց, այդ դեպքում էլ իրավիճակը հարաբերական է, որովհետեւ դեսպանի այդ քալից հետո հանքի շահագործում թույլ չտալու կառավարության որոշումը իհարկե ողջունվելով պայքարողների շրջանակում, ընդհանուր քաղաքական համատեքստում դիտարկվելու է իբրեւ Ռուսաստանի ճնշմանը տուրք տված որոշում: Թեեւ, իհարկե պետք է նկատել, որ հակառակ պարագայում էլ հանքը բացելու որոշումն է գնահատվում իբրեւ արեւմտյան ճնշմանը տրված տուրք:

Ակնառու է, որ ՌԴ դեսպանի «մուտքը» ստեղծում է նոր, թեեւ հակասական իրավիճակ՝ նա ավելի՞ է խառնում ամեն ինչ, թե՞ ամեն ինչ դարձնում առավել պարզ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան