Անսպասելի հայտարարություն արյունահեղության եւ Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին

- in Կեղտոտ լվացք
Armen Ashotyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ իշխանությանը կոչ է արել ձերբակալել Սերժ Սարգսյանին եւ կանխել արյունահեղությունը:

http://lragir.am«Հետեւելով, թե ինչ արագությամբ եւ սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից», ահազանգում է ՀՀԿ փոխնախագահն առաջին հայացքից իր տարօրինակ կոչով:

Տարօրինակ, որովհետեւ Արմեն Աշոտյանը նախ արձանագրում է, որ Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո իշխանությունը հետ է կանգնել Սերժ Սարգսյանի ձերբակալության քաղաքական որոշումից: Բանն այն է, որ մինչ այդ Արմեն Աշոտյանը արել էր այդ ձերբակալության մտադրությունը դատապարտող գրառում: Հիմա նա կոչ է անում ձերբակալել Սերժ Սարգսյանին, որպես արյունահեղությունից խուսափելու միակ միջոց:

Իհարկե հնարավոր կլիներ այդ կոչի տակ տեսնել որոշակի հեգնանք, իրականում ձերբակալությունը դատապարտող տողատակ, բայց` եթե մինչ այդ ՀՀԿ փոխնախագահը չարձանագրեր «ձերբակալելու որոշումից իշխանության հրաժարումը»:

Իրականում կա հրաժարում, թե ոչ, եւ ընդհանրապես՝ կա՞ անգամ ձերբակալելու որոշում, թե ոչ, խիստ հարցական է: Սակայն դրանով հանդերձ առավել քան հատկանշական է, որ ՀՀԿ շրջանակը ինտենսիվորեն շոշափում է Սերժ Սարգսյանի ձերբակալության թեման եւ ավելին, դրան տալիս ինչ որ իմաստով սարսափազդու հավելում՝ ձերբակալեք, այլապես կլինի արյունահեղություն:

Ո՞վ է պատրաստվում բանը հասցնել արյունահեղության եւ ի՞նչ է զգուշացնում իշխանությանը Արմեն Աշոտյանը, կամ գուցե Սերժ Սարգսյանը՝ նրա միջոցով: Հազիվ թե ՀՀԿ փոխնախագահի գրառումը լինի զուտ ինքնագործունեություն, որովհետեւ դրանում շոշափվում է չափազանց նուրբ կապ՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության ու դրանով՝ սպասվող ինչ որ արյունահեղությունը բացառելու կապը:

Արմեն Աշոտյանն ունի իշխանական եւ քաղաքական կարգավիճակի բավական փորձառություն, այդօրինակ նուրբ թելերը պատահականորեն չշոշափելու համար:

Իսկ արդյոք վտանգը չի սպառնում հենց Սերժ Սարգսյանին, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ նա ձերբակալվի:

ՀՀԿ փոխնախագահի գրառումն անշուշտ հնարավոր է դիտարկել ամենատարբեր վարկածներով, բայց մի բան թերեւս ակնառու է, որ այդ գրառումը ուղղակի նախազգուշացում է Ամուլսարի հարցում արյունահեղության սադրանքի ռիսկի մասին:

«Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է», գրում է Արմեն Աշոտյանը, որի գրառման ամենաուշագրավ պահն անշուշտ «կրկին արյուն» չթափելու հանգամանքն է: Ի՞նչ հաղորդագրություն է իր մեջ պարունակում «կրկինը»՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի «ուդառն» իր վրա վերցնելու առումով: Ո՞ր արյունահեղության «ուդառի» մասին է ՀՀԿ փոխնախագահի նախազգուշացում-ակնարկը: Հայաստանի նորագույն պատմությունն ունեցել է այդպիսի չորս աղմկոտ եւ ողբերգական էջ՝ հոկտեմբերի 27, մարտի 1, 2016-ի ապրիլ եւ 2016-ի հուլիս:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան