Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից

- in Կեղտոտ լվացք

Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավարկային գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը զեկուցել է՝ ինչի վրա է ծախսվելու հավելյալ 1․7 մլրդ դրամը եւ նաեւ տեղեկացրել, որ «Սանիթեքը» պետք է մաքրի աղբի բոլոր տեսակները, այդ թվում՝ վտանգավոր թափոնները։

Այս տեղեկությունը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գնահատել է որպես ապշելու բացահայտում եւ խնդրել է Առողջապահության նախարարին, նաև ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, թե որքանով է Հայկ Սարգսյանի պնդումը համապատասխանում իրականությանը, և եթե փոխքաղաքապետը անհիմն հայտարարություն չի անում, այն, ըստ ավագանու անդամի, պետք է անհետևանք չմնա։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։

Երեկ ֆինանսավարկային գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ պրն․ Սարգսյան զեկուցում էր՝ ինչի՞ վրա է ծախսվելու հավելյալ 1․7 մլրդ դրամը։ Հարցին՝ արդյո՞ք հանրային այգիներն էլ է պարտավոր «Սանիթեկը» մաքրի, պրն․ Սարգսյանն ասաց՝ այո, այս քաղաքում ինչ տեսնում եք, դա «Սանիթեկը» պետք է մաքրի, բոլոր տեսակի աղբը, այդ թվում նաև վտանգավոր թափոնները։

Պրն․Սարգսյանից ևս մի քանի անգամ փորձեցի ճշտել՝ արդյո՞ք վտանգավոր թափոնները «Սանիթեկը» կենցաղային աղբի հետ միասին պետք է տանի, որոնց ի պատասխան շարունակեց իր պնդումները՝ բոլոր հիվանդանոցների մոտ կան երկու տեսակի աղբամաններ՝ կենցաղային աղբի համար և վտանգավոր թափոնների համար։ Երբ «Սանիթեկի» մեքենան գալիս է, հիվանդանոցից 2000 դրամ վճարում են՝ վտանգավոր թափոնները տանելու համար։ Ես պրն․Սարգսյանին հորդորեցի ևս մեկ անգամ ճշտել, նման կարևոր հայտարարություն անելուց առաջ, քանի որ դա մի ամբողջ առողջապահական համակարգի դեմ հայտարարություն է։ Վերջինս բորբոքվեց և շարունակեց իր պնդումները՝ հիվանդանոցները վտանգավոր թափոնները՝ ներարկիչներից սկսած լցնում են մոտակա աղբամանների մեջ։

Հիմք ընդունելով պրն․ Սարգսյանի պնդումները, խնդրում եմ Առողջապահության Նախարար Արսեն Թորոսյանին, ինչպես նաև ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ պարզելու համար, որքանով է պրն․ Սարգսյանի պնդումը համապատասխանում իրականությանը, և, եթե պրն․ Սարգսյանը անհիմն հայտարարություն չի անում, պետք է դա անհետևանք չմնա։

Հ․Գ․ Բժշկական վտանգավոր թափոնն իրենից ենթադրում է ախտաանատոմիական թափոններ՝ վիրահատության, դիահերձման, հեռացված հյուսվածքների, օրգանների արյան, վիժումների զանգվածներ, կենսաբանական հեղուկներ, սրածայր և քիմիական թափոններ և այլն․․․»։