Առաջիկայում կառավարությանը երկու բարդ որոշում պետք է կայացնի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման և Ստամբուլի կոնվենցիայի վավերացման վերաբերյալ:

Արդեն իսկ հնչում են փորձագիտական գնահատականներ, թե անգամ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը չի կարող երաշխավորել իշխանության միասնականությունը։ Ամուլսարը դառնում է ինդիկատոր, որը ջրբաժան է առաջացնում ոչ միայն կառավարության ու հասարակության, այլ նաև՝ իշխանության ներսում։

«Իմ քայլի» պատգամավորները՝ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, ակտիվ հրապարակային լոբբինգ են իրականացնում՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով։ Խնդիր չկա՝ քաղաքական որոշում է կայացվել, սակայն մեթոդաբանությունը սխալ է ընտրված, որի հիմքում ոչ թե կառավարության սուվերեն որոշումն է, այլ՝ փորձագիտական եզրակացություն, որի շուրջ չկա հանրային կոնսոլիդացիա։

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: Ջերմուկի բնակիչները և ոչ միայն նրանք դեմ են հանդես գալիս այս արդյունքներին, հանրահավաքներ ու երթեր են անցկացվել:

Հանքի շահագործման դեմ հանդես եկողները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հնչում են կոչեր, որ վարչապետն այս հարցում պետականամետ դիրքորոշում որդեգրի:

Ընդ որում՝ «պետականամետ դիրքորոշում» տերմինն այս դեպքում առանձգական է ու դա տարբեր ընկալում, մեկնաբանություն ունի հանքի շահագործման կողմնակիցների ու ընդդիմախոսների մոտ։ Եթե Նիկոլ Փաշինյանի մերձավոր թիմի ներկայացուցիչների ֆեյսբուքյան գրառումները հանգում են այն մտքին, որ Ամուլսարի հանքի շահագործումն այլընտրանք չունի ու միայն այդ ճանապարհով Հայաստանը կարող է կատարել միջազգային պարտավորություններն ու խրախուսել ներդրումներ, ապա ընդդիմախոսները փաստում են, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում հեռանկար չունի՝ փաստարկելով, որ խնդիրն ուղղակի աղերս ունի մեր հասարակության սուվերեն կամքի, նրա կամարտահայտության հետ։ Նման տեսակետներ հնչում են անգամ «Իմ քայլի» այն պատգամվորների կողմից, որոնք կաշկանդված չեն կառավարող ՔՊ-ի որոշումներով կամ Նիկոլ Փաշինյանի հեղինակության գործոնով։ Ավելի ռադիկալ դիրքորոշում հայտնում են մարդիկ, ովքեր ոչ վաղ անցյալում Փաշինյանի հետ նույն հեղափոխական հարթակում էին։

Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, կոչով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:

Սանասարյանը նախ նշել է, որ Ամուլսարի հարցն ու նախորդ հանցավոր ռեժիմների ռևանշիստական քայլերը նոր փուլ են մտնում, ապա դիմելով վարչապետին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «․․․Նախորդներն առանց այն էլ իրենց հանցավոր պայմանավորվածություններով Հայաստանը դարձրել են հանքաստան, իսկ հեղափոխությունը ենթադրում է հեղափոխություն նաև այս ասպարեզում։ Ուստի չպետք է մի կազմակերպության կատարած փորձաքննության վրա թույլ տալ, որ հայրենիքի ևս մի կարևոր տարածք դառնա կորսված ու վտանգավոր։ Չվախենալով շահագրգիռ մյուս կողմից հնչող միջազգային ատյաններ տանելու հաթաթաներից՝ անհրաժեշտ է ստոպ տալ այս վտանգավոր գործընթացը, կայացնել պետականամետ որոշում, ընդառաջ գնալ սեփական ժողովրդին ու դուրս գալ նախորդների լարած թակարդից»։

Անտարակույս, կառավարությունն ունի Ամուլսարի շահագործման հարցով քաղաքական որոշում կայացնելու լեգիտիմ իրավունք, սակայն տարակուսելի է Փաշինյանի թիմի բերած մոտիվացիան։ 70% քվե ստացած կառավարությունն իրավունք չունի նման երկչոտ վարքագիծ դրսևորել ու թաքնվել միջազգային փորձագիտական եզրակացության հետևում և պարտավոր է կայացված որևէ որոշում մոտիվացնել իր մանդատի, երկրի ինքնիշխանության օրակարգով։

Նման մոտեցում այսօրվա կառավարությունից, ցավոք, չենք տեսնում, ինչի հետևանքով երկրում ներքաղաքական լարվածությունը մեծանալու է ու մեկնարկող օրը կարող է նշանային լինել ու դարձյալ Փաշինյանի որդեգրած ոչ այնքան հասկանալի մարտավարության հետևանքով։

Ամուլսարի հարցով այսօր քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է Փաշինյանի հանդիպումը Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև՝ հանքի դեմ պայքարող հինգ բնակիչների հետ։

Տարակուսելի է, որ վարչապետն ընտրել է խնդիրը քննարկելու այս մարտավարությունը, երբ նրան բարեկամաբար սպասում էին Ջերմուկում։ «Ուստի, մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով: Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։

Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։

Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

Ավտոերթն առավոտյան 7-ին արդեն մեկնարկել է և կանխատեսելի է, որ այսօր Երևանում թեժ է լինելու, համենայն դեպս՝ Ամուլսարը պառակտել է հեղափոխության կողմնակիցներին ու դա տեսանելի է անգամ անզեն աչքով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...