«Արարատի» ֆուտբոլիստներից մեկի բնակարանից կատարված գողությունը բացահայտեց հենց գողը՝ վիճաբանության ժամանակ

- in Իրավունք
futbol

1977 թվին, երբ Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը համընդհանուր սեր էր վայելում, այդ թիմի ֆուտբոլիստներից՝ Հ.-ի բնակարանից կատարված գողությունը մեծ հնչեղություն ստացավ:

Բնակարանը Կոմիտասի պողոտայում էր: Գողերն ամբողջովին տակնուվրա էին արել տունը, քանդել էին կահույքը, ջարդել էին սպասքը, կտրատել էին ներքնակներն ու բարձերը: Նրանք հասել էին իրենց նպատակին՝ այդ քարուքանդ բնակարանից դուրս էին եկել հարուստ ավարով՝ տարել էին փող, ոսկեղեն, թանկարժեք այլ իրեր…

Երևանի 26 կոմիսարների շրջանի ՆԳ բաժնում հարուցված քրեական գործով ամիսներ շարունակ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ էին կատարվում, սակայն՝ ապարդյուն: Գործը փակուղի էր մտնում, ստուգվող ոչ մի վարկած բավարար ապացույցներով չէր հաստատվում:

«Արարատի» հերթական խաղը Թբիլիսիի «Դինամոյի» հետ էր՝ Թբիլիսիում: Այս երկու թիմերի խաղը միշտ էլ դիտարժան էր լինում, խաղերը տեղի էին ունենում լեփ-լեցուն ստադիոններում:

«Արարատի» երկրպագուների մեծ խումբ կար, որը թիմի խաղերը դիտելու համար ԽՍՀՄ տարբեր քաղաքներ էր մեկնում: Պարզ էր, որ Թբիլիսի՝ սիրելի թիմերի լարված խաղը դիտելու համար բավական շատ երկրպագուներ Երևանից մեկնեցին Թբիլիսի: Ամենաակտիվ երկրպագուների խումբը տեղավորվեց նույն հյուրանոցում, որտեղ «Արարատի» ֆուտբոլիստներն էին տեղավորվել:

Հյուրանոցի ռեստորանում ընթրիքի ժամանակ երկրպագուների սեղանը ֆուտբոլիստների սեղանի կողքին էր: Երեկոյի ընթացքում երկրպագուներից մեկն անսպասելիորեն ֆուտբոլիստ Հ.-ին հարցրեց՝ չգտա՞ն նրա բնակարանի գողերին:

Հ.-ն ասաց՝ չէ, ու նրա մեջ կուտակված զայրույթը անսպասելի հարցից պոռթկաց: Սովորաբար հանդարտ երիտասարդը հայհոյանքներ հնչեցրեց գողերի հասցեին: Հ.-ի ընկերներն էլ միացան ու իրենց վրդովունքը հայտնեցին կծու հայհոյանքների լեզվով: Իսկ հարցը տված երկրպագուն, ում Համո էին ասում, այդ հայհոյանքներին չմիացավ, նա այլայլվեց ու Հ.-ին դիտողություն արեց. «Ճիշտ չես անում, ինչո՞ւ ես հայհոյում: Դու քո գործն ես անում, ֆուտբոլ խաղալով ես ապրում, գողերն էլ իրենց գործն են անում, նրանցը գողանալն է… Ամեն մեկն իր տունը թող պինդ պահի… Գողերի մեջ էնքա՜ն լավ տղերք կան: Եթե իմանան՝ հայհոյել ես, պատասխան կպահանջեն քեզանից …»:

Սեղանի շուրջ նստած երկրպագուներից մի քանիսը նույնիսկ համաձայնեցին Համոյի հետ, սկսեցին «գողականով» ապրողների մասին խոսել…

Ընկերները հանգստացրին Հ.-ին, ռեստորանում վեճը չծավալվեց, Համոն ցուցադրական դուրս եկավ ռեստորանից:

Ֆուտբոլիստ Հ.-ն այս միջադեպը չմոռացավ: Երբ հերթական անգամ նա հրավիրվել էր ՆԳ բաժին, քրեական հետախուզության բաժանմունքում հայտնեց թբիլիսյան ռեստորանում տեղի ունեցած խոսակցության մասին:

Փորձառու քրեականները կասկածելի համարեցին երկրպագու Համոյի պահվածքը: Նրանք հետաքրքրվեցին Համոյի անձով, ու պարզվեց, որ Համոն արդեն մի ամիս է՝ բռնված է խուլիգանություն կատարելու համար: Շուտով նրա խցակիցը, օպերատիվ-հետախուզական աշխատանքի շրջանակներում, անկեղծ զրույցի ներքաշեց Համոյին: Վերջինս, այս անգամ էլ չկարողանալով իրեն զսպել ու լեզվին տիրապետել, վստահելով խոսակցին, պատմեց, թե ինչպես է մասնակցել ֆուտբոլիստ Հ.-ի բնակարանային գողությանը:

Հարցաքննությունների ժամանակ նա ապացույցների ճնշման տակ խոսովանեց, որ ինքն է Հ.-ի բնակարանից գողություն կատարողը: Համոն դատապարտվեց ոչ միայն խուլիգանության, այլ նաև ֆուտբոլիստի բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար: