cec

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ն.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Արթուր Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի փետրվարի 22-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Արթուր Ն.-ն Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի 1-ին փողոցում գործող խանութի մուտքի դռան մոտ իր կողմից մեքենան արագ վարելու հարցով վիճաբանության մեջ է մտել համագյուղացի Վարուժան Մ.-ի հետ:

Ըստ մեղադրանքի՝ վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Արթուր Ն.-ի հասցեին:

Արթուրը խանութի դռան դիմաց դրված, վաճառքի համար նախատեսված բահի փայտե կոթերի խրձի միջից վերցրել է դրանցից մեկը ու հարվածել է Վարուժան Մ.-ի գլխի գագաթային հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս՝ գլխի մաշկի տակ ձախ գագաթաքունքածոծրակային շրջանում արյունազեղման, ձախից՝ գանգի թաղի ոսկրերի ներհրված բազմաբեկոր կոտրվածքների, ներուղեղային արյունահավաքների, մարմնի տարբեր հատվածներում քերծվածքների ձևով:

Գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից Վարուժան Մ.-ն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Արթուր Ն.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Տուժողի իրավահաջորդը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ խիստ պատիժ նշանակել:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Ն.-ի խնամքին են մինչև 14 տարեկան 3 երեխաները՝ 2014, 2015, 2016 թվականներին ծնված…

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Ն.-ն խոստովանել է կատարած արարքը, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել է:

Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքի կատարման համար դեր է խաղացել նաև տուժողի «հակաբարոյական վարքագիծը»՝ նա «անվայել արտահայտություններ է հնչեցրել ամբաստանյալի հասցեին»:

Դատարանը որպես Արթուր Ն.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել հանցագործությունների կատարման ռեցիդիվը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 7-ի դատավճռով Արթուր Ն.-ն գողության փորձի համար դատապարտվել էր 500 հազար դրամ տուգանքի: 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ դատարանը հիշյալ տուգանքի վճարումը տարաժամկետել էր 1 տարով: 2018 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ Արթուր Ն.-ն դեռևս վճարում չէր կատարել սահմանված տուգանքից: Դատարանը նոր որոշմամբ նրա նկատմամբ կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը ու նրան ազատել է տուգանքի ձևով պատժի հետագա կրումից: Այս դատվածությունը չմարված դատվածություն է Արթուր Ն.-ի համար:

Համաներման ակտի կիրառումից երկու ամիս անց, չմարված դատվածություն ունենալու պայմաններում Արթուր Ն.-ն կատարել է դիտավորյալ ծանր հանցագործություն՝ տուժողի առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Դատարանը Արթուր Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի փետրվարի 23-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...