Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանը Առավոտին տված հարցազրույցում հիշեցում է արել, որը հնարավոր է ինչ որ իմաստով անսպասելի գնահատել:

http://lragir.amՉգիտես ինչու, ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանն ակտիվ եւ գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ նա ունի փորձ, գիտելիք ու կապեր, որոնք պատրաստ է ծառայեցնել եւ ծառայեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին», հայտարարել է Թեւան Պողոսյանը:

Փաստացի, նախագահ Արմեն Սարգսյանն իր խորհրդականի միջոցով առաջարկ է անում վարչապետ Փաշինյանին՝ օգտվել իր փորձից եւ միջազգային կապերից: Միայն թե որոշակի չէ՝ Արմեն Սարգսյանը միարժեք արտահայտվում է Ամուլսարի հարցում միջազգային արբիտրաժի գնալու՞ օգտին, թե՞ պարզապես օգնություն առաջարկում՝ եթե բանը հասնի արբիտրաժ: Որովհետեւ, հնարավոր է, որ նախագահ Սարգսյանն ակնարկում է անգամ այն մասին, որ Հայաստանը արբիտրաժ նախաձեռնի:
Չի՞ գործում հաղորդակցություն նախագահի եւ վարչապետի միջեւ: Հատկանշական է, որ նախօրեին տարածված կարծիքից հետո Արմեն Սարգսյանն, իհարկե անուղղակի՝ խորհրդականի միջոցով, բայց անում է առավել կոնկրետացված առաջարկ:

Կօգտվի՞ վարչապետ Փաշինյանն այդ առաջարկից կամ օժանդակությունից: Դա կախված է իհարկե այն հանգամանքից, թե վարչապետի որոշման հարցում ինչ նշանակություն ունի արբիտրաժի ռիսկը, կամ՝ միայն ա՞յդ արտաքին ռիսկը կամ մարտահրավերն է, թե՞ արտաքին տիրույթում կան նաեւ քաղաքական շերտեր, որոնք բարդացնում են գործընթացը:

Ընդ որում, այդ շերտերի առկայության հավանականությունը միանգամայն մեծ է, որովհետեւ խոսքն արեւմտյան կապիտալի ներդրման բավականին խոշոր ծրագրի մասին է մի երկրում, որն այդ ծրագրի հավանությանը զուգահեռ կտրուկ շրջադարձ էր արել Եվրասոցացումից դեպի Եվրասիական միություն, կամ ավելի շուտ բռնակցվել էր այդ միությանը:

Թե՞ Արմեն Սարգսյանը հայտնում է արտաքին ռիսկերի ամբողջական սպասարկման հարցում վարչապետին իր փորձով ու կապերով օժանդակելու պատրաստակամություն: Ընդ որում, խոսքը ռիսկերը սպասարկելու՞ մասին է, թե քաղաքական շերտերում այսպես ասած կառուցվածքային փոփոխություն իրականացնելու, երբ Հայաստանն ու Արեւմուտքը խոշոր այդ ծրագրում կարող են ոչ թե պարզապես հանգիստ «բաժանվել»՝ զրոյական արդյունքով, այլ պարզապես բովանդակային ու կառուցվածքային համարժեք փոփոխություն անել գործակցության փաթեթում:

Որովհետեւ «զրոյական արդյունքը» Հայաստանի ներկայիս իրավիճակում ինքնին ռիսկ է:

Կլինի՞ առաջիկայում նախագահի եւ վարչապետի հանդիպում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...