Արցախը հեղափոխության փորձադաշտի վերածելու ցանկություն ունեցող արկածախնդիրներին

- in Կարծիք

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթին հնարավոր չէ անդրադառնալ մեկ հոդվածով, այն բազմաշերտ էր ու հանգամանալից վերլուծության անհրաժեշտություն ունի։

Օրինակ՝ կարելի է երկար բանավիճել այն ռազմավարական նպատակների իրատեսականության շուրջ, որոնց մասին Արցախի մայրաքաղաքում բարձրաձայնեց Փաշինյանը։ Բնականաբար, մասնագիտական հիմնավորումների տեսանկյունից վարչապետի տված խոստումները պոպուլիստական են թվում, որովհետև տեսանելի չէ, օրինակ, թե 2050-ին ինչպիսի հրաշքով Հայաստանը կարող է ունենալ 5 միլիոն բնակչություն։ Սակայն թերևս արժե մի փոքր սպասել՝ մինչև կառավարությունը կհստակեցնի ռազմավարական նպատակներն ամբողջացնող փաստաթուղթը, որովհետև վարչապետը խոստովանեց, որ ինքը մեջբերումներ է անում ընդամենը նախագծից, որը դեռ մասնագիտական, քաղաքական քննարկումների ընթացակարգերով պետք է անցնի։

Սակայն կարծում ենք՝ Փաշինյանի այսօրվա ելույթի ամենակարևոր հատվածը վերաբերում էր այսպես կոչված՝ համազգային կոնսենսուսի թեմաներին, որոնց մի մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում էր Արցախում հաջորդ տարի կայանալիք ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրեց, որ ժողովուրդն ու նրա կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն են։ Սա հայկական հեղափոխության քաղաքական արդյունքների կապիտալիզացիայի հիմնական նախապայմանն է, այն գիծը, որը նոր Հայաստանն անդառնալիորեն սահմանազատում է անցյալի իրականությունից։ Արցախը նոր Հայաստանի իրականությանը կարող է ինտեգրվել միայն օրինական ընտրությունների անցկացման միջոցով, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա ԼՂՀ հասարակության սուբյեկտության մեծացումը։ Նիկոլ Փաշինյանի մյուս կարևոր արձանագրումն այն էր, որ պաշտոնական Երևանը քաղաքական համակրություններ չունի Արցախում ու հանդես է գալու որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման, օրինական ընտրությունների անցկացման երաշխավոր։

Սա Փաշինյանի այսօրվա խոսքի հիմնական ուղերձն էր, ինչը նա համադրեց մի քանի այլ սկզբունքային թեզերով։

Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում բացառեց բռնությունների գործադրումը ներհայկական հարաբերություններում՝ նաև Արցախի ընտրական կամպանիայի հայտնի մասնակիցներին հասկացնելով, որ պաշտոնական Երևանը չի հանդուրժելու արկածախնդրության, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված որևէ դրսևորում։ Այլ խոսքով՝ Փաշինյանը բարձրաձայնեց քաղաքական լեգալ պայքարի անհրաժեշտության մասին՝ այս իմաստով իր աջակցությունը հայտնելով Արցախի գործող իշխանությանը, որը՝ հեռացող նախագահ Բակո Սահակյանի դեմքով, պետք է դառնա հաջորդ տարվա օրինական ընտրությունների կազմակերպման հիմնական պատասխանատուն։ Հայաստանի վարչապետն, ըստ էության, մերժելի համարեց Արցախում հեղափոխականության որևէ դրսևորում, ինչը պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի ռացիոնալ համագործակցության կարևոր դրսևորում է։

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը բարձրագույն արժեք հռչակեց Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը՝ արձանագրելով, որ մեր քաղաքական կյանքում օտար ուժերին ներգրավողները կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։ Վարչապետն, ըստ էության, բարձրաձայնեց այն մտահոգության մասին, ինչը մեր ուշադրության կենտրոնում է արդեն տևական ժամանակ։ Հայաստանում տապալված քրեաօլիգարխիկ համակարգը, նրա մոսկովյան հովանավորները Արցախի առաջիկա ընտրությունները փորձում են օգտագործել ռևանշիստական նպատակներով։ Հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները իրենց օրակարգը սպասարկելու նպատակով համաձայն են Արցախի «ռուսաֆիկացման» նվաստացուցիչ տարբերակին, իրենց ռևանշիստական օրակարգը փորձում են կառուցել Հայաստանի ու Արցախի հակադրության համատեքստում։

Հանրահավաքը՝ իր միասնականության մթնոլորտով, համազգային օրակարգով, ուժեղ հարված էր հայաստանյան հին համակարգին ու նրա մոսկովյան հովանավորներին, միևնույն ժամանակ՝ Արցախը հեղափոխության փորձադաշտի վերածելու ցանկություն ունեցող արկածախնդիրներին։ Փաշինյանի ելույթը «դեղին քարտ» էր այս ուժերին, հաջորդ անգամ անտարակույս կհետևի կառավարության կոշտ հակազդեցությունը, եթե տարբեր տրամաչափի դավադիրները հետևություններ չանեն Ստեփանակերտի հանրահավաքից։