Արցախի հարցում վատ ժառանգությունը ձևավորվել է տարիների ընթացքում

- in Վերլուծական
paterazm

Հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների հավաքի մասնակիցների առաջ ունեցած ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել է Արցախի հարցում ստացած մտահոգիչ ժառանգության և այդ առումով միջազգային ձևավորված ընկալումներն ու, այսպես ասած, բազան թարմացնելու անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյանն առաջին անգամը չէ, որ խոսում է Արցախի հարցում վատ ժառանգության մասին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դրան ի պատասխան թուղթ էր պահանջում, որտեղ կհաստատվեր, որ Հայաստանի իշխանությունը եղել է բավականին վատ պայմանավորվածությունների ստորագրման պատրաստ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ թղթի ներկայացումը պարունակում է պետական գաղտնիք: Թեև այդ հարցում, թերևս, որևէ գաղտնի բան, կամ սկզբունքորեն գաղտնի բան չկար Ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը խոստովանեց, թե ինչ պլաններ են եղել Կազանում: Սակայն այդ ամենից անկախ, Արցախի հարցում վատ ժառանգությունը ձևավորվել է տարիների ընթացքում և հրադադարից անմիջապես հետո, երբ բանակցային գործընթաց է սկսել մի պայմանով, որով Երևանը գործնականում ճանաչում է ազատագրված տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, իսկ հակառակ կողմից հայկական կողմի որևէ իրավունքի ճանաչման մասին խոսք չի եղել ու, փաստորեն, չկա մինչև այժմ:

Այսինքն՝ վատ ժառանգությունը ձևավորվել է բոլորիս աչքի առաջ, ու փորձ է արվել դրան բացատրություն տալ ընդամենը, այսպես ասած, հետնաբեմային վիճակին հղումներով, թե իրականում խոսում ենք տարածք հանձնելու պատրաստակամության մասին, բանակցության հիմք ընդունում ենք մադրիդյան կոչված սկզբունքները, Աղդամը հայտարարում ենք ոչ հայրենիք, բայց իրականում որևէ բան էլ չենք հանձնելու: Իրական և հետնաբեմային իրավիճակների միջև առաջացրած այդ կոնյունկտուրային խզումն ու տարբերությունն էլ էապես բարդացրին հայկական կողմի բանակցային հենքը և Ադրբեջանի համար ստեղծեցին հենք եթե ոչ բանակցության՝ այստեղ, իհարկե, իրողությունները բազմաշերտ են, ապա գոնե պատերազմի համար:

2016-ի ապրիլին դա տեղի ունեցավ, ընդ որում՝ նույնքան բացահայտ հասունացմամբ, որքան բացահայտորեն կուտակվում էր հայկական կողմի բանակցային վատ ժառանգությունը՝ մի նախագահից անցնելով մյուսին: Եթե հայկական կողմը չկարողանա ազատվել այդ ժառանգությունից, ապա ժամանակը՝ որ այժմ աշխատում է մեր օգտին, սկսելու է իքս պահից աշխատել մեր դեմ: Այն, որ ժառանգությունից ազատվելու գործընթացը սկսվել է՝ ակնառու է: Դրա հնչեղ դրսևորումները եղել են մարտի 12-ին և օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ելույթների տեսքով: Բայց վարչապետի նախօրեի ելույթը նաև վկայում է, որ այդ գործընթացը չի սիստեմավորված, չի ստացել համակարգային մեխանիզմի բնույթ և գտնվում է առավելապես արտաքին քաղաքական վերնաշենում, ինչն ունի բազավորվելու կարիք: Այլ կերպ ասած, քաղաքական հայտարարությունների մակարդակից, որ հնչում են ընդհուպ 2018-ի մայիսի 9-ից, Արցախի հարցում Հայաստանի նոր քաղաքականությունը կամ հին ժառանգությունից ձերբազատվելու գործընթացը պետք է անցնի դիվանագիտական ամենօրյա աշխատանքի ռեժիմի, ինչը ենթադրում է արդեն ամենաբազմազան ֆորմատներով և ուղղություններով աշխատանք: Միաժամանակ պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք՝ Ադրբեջանը նույն աշխատանքի և, ըստ այդմ, իր համար անհրաժեշտ բազայի ձևավորման կամ, ավելի շուտ՝ ամրապնդման համար (բազան ձևավորել Բաքուն արդեն հասցրել է նախորդ տարիների ընթացքում) ծախսում է հսկայական փողեր:

Ակնառու է, որ առաջնային փուլում Հայաստանից այստեղ պահանջվելու է դիվանագիտական գերաշխատանք՝ հավասարակշռության ապահովման և հետո այն աստիճանաբար հայկական կողմ թեքելու համար: Բայց աներկբա է, որ համահայկականությունն այլընտրանք չունի և կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում այն դիտվում է երեք կարևորագույն արձանագրումներից մեկը՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն: Արցախի հարցում հայկական քաղաքականության նոր բազա ձևավորելու և հին ժառանգությունը սիստեմավորված դուրս մղելու համար համահայկականությունն անհրաժեշտություն է, ինչը նշանակում է, որ հայկական սփյուռքյան կառույցները՝ նոր և հին, պետք է ձեռնամուխ լինեն դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ աշխատանքի: Սակայն այստեղ շատ կարևոր է թերևս այն, որ կարող է առաջանալ հայկական նոր կառույցների և ձևաչափերի ձևավորման անհրաժեշտություն, ընդ որում ոչ թե «ռեբրենդինգի», կամ եղածների դուրսմղման, փոխարինման, այլ կառուցվածքային և ֆունկցիոնալ նոր կարողությունների տրամաբանությամբ համալրումների: Ի վերջո, այդ իմաստով շատ կարևոր է, որ «ափդեյթ» լինի նաև համահայկական կարողունակության բազան՝ համաշխարհային վերափոխումներին զուգընթաց:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...