Արցախի ներքաղաքական լարվածությունը կարող է դուրս գալ լեգալ հարթությունից

- in Կեղտոտ լվացք
LGHH

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը:

Բաբայանը ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտա Բաբայանին և Սահմանադրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին՝ առաջադրվել 2020 թվականի գարնանը տեղի ունենալիք ընտրություններին:

Ներկայացված ստորագրությունների թիվը 21 հազար 49 է: Հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի, այսինքն՝ 10 հազար 278-ի ստորագրությունը: Ներկայացված ստորագրությունները վավեր կհամարվեն միայն գերատեսչության կողմից ստուգվելուց և հաստատվելուց հետո:

Եթե ստորագրությունների վավերականությունը հաստատվի, Արցախի Ազգային ժողովում կարող է որոշում կայացվել հարցն ուղարկել Գերագույն դատարան սահմանադրականության համապատասխանելիության մասով, որից հետո նոր միայն խորհրդարանը 2/3 ձայներով հարցը կարող է դնել հանրաքվեի:

Սամվել Բաբայանը, իր գրասենյակի տարածած վերջին հայտարարությամբ, պահանջում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և վերջինիս սպառնում է հանրահավաքային պայքարով իր պահանջը չկատարելու դեպքում:

Երեկ Արցախի ոստիկանության կոլեգիայի նիստին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր․ «Առանց աղմկոտ դրսևորումների՝ կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհն ընտրածներին»:

Այսպիսով՝ երկուստեք հնչում են կտրուկ հայարարություններ, ինչը ռիսկեր է ծնում, որ Արցախի ներքաղաքական լարվածությունը կարող է դուրս գալ լեգալ հարթությունից՝ մարտահրավեր դառնալով ոչ միայն Հայաստանի ու Արցախի կայունության, այլ նաև՝ կարգավորման գործընթացի համար։

Առերևույթ կարելի էր տեղի ունեցածին հանգիստ վերաբերվել, որովհետև Հայաստանի ու Արցախի իշխանության վերնախավում, կարծես թե, մերժողական կոնսենսուս կա Սամվել Բաբայանի թեկնածության ու նրա առաջարկություննների բովանդակության հարցում։ Ավելորդ է ասել, որ Բաբայանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթով, ըստ էության, զրոյացվում է Արցախի սուբյեկտությունը՝ նաև դե յուրե ամրագրելով Հայաստանի վերչահսկիչ փաթեթը ԼՂՀ ներքաղաքական կյանքում։ Սա ամենևին էլ լավ մեսիջ չէ միջազգային հանրությանն ու միջնորդներին, մանավանդ որ Երևանը սկզբունքային է համարում Ստեփանակերտի վերադարձը բանակցային գործընթաց։

Սակայն նույնիսկ այս պարագայում կարող են հարցեր առաջանալ, որովհետև Սամվել Բաբայանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նա չի ապավինում միայն սեփական ուժերին, ու նրա նախաձեռնած գործընթացն ունի այլ շահառուներ ևս, այլ խոսքով՝ խաղն ավելի բազմաշերտ ու բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Օրինակ՝ կարո՞ղ են «Իմ քայլի» պատգամավորները բացասաբար անդրադառնալ Բաբայանի նախաձեռնությանը, սակայն նրան ստվերային աջակցություն ցույց տա Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, այս վարկածը չի ենթադրում, որ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն Սամվել Բաբայանն է, ընդհակառակը՝ հնարավոր է՝ Հայաստանի վարչապետը փորձում է նրա միջոցով ճանապարհ հարթել իր շրջապատում գտնվող որևէ երևանաբնակ արցախցու համար։ Օրինակ՝ մամուլը քննարկում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի անունը, որը հայտնի իարդարձություններից հետո դարձավ «հեղափոխական»։

Այս վարկածը կարող է տրամաբանական թվալ Հայաստանի ու Արցախի իշխանությունների հակադրության համատեքստում, սակայն խիստ անհավանական է։ Նախ՝ կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ կմնա Արցախի իշխանությունն «օկուպացնելու» գայթակղությունից, այլ խոսքով՝ չի կրկնի այն սխալը, որը 1998-ին ղարաբաղյան կլանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմքով, կատարել է Հայաստանում։ Բացի դրանից՝ Սամվել Բաբայանն անկանխատեսելի ու անվերահսկելի գործիչ է, ու հազիվ թե Նիկոլ Փաշինյանը նրա հետ որևէ լուրջ գործընթաց գեներացներ։

Իսկ հնարավո՞ր է, որ Սամվել Բաբայանը ճանապարհ է հարթում Ռոբերտ Քոչարյանի համար, մանավանդ որ Մարտի 1-ի գործով մի քանի հրապարակային ելույթներ է ունեցել՝ ըստ էության, համերաշխվելով երկրորդ նախագահի հետ։ Միանգամայն հնարավոր սցենար է, սակայն տեխնիկապես դժվար իրագործելի՝ թեկուզև այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում է, ու նրա կողմնակիցների համար անչափ դժվար է լինելու կոնսոլիդացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահը պոպուլյար չէ անգամ իր փոքր հայրենիքում։

Մի վարկած էլ առաջ է քաշել Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ «Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանը փորձում է Արցախում ձևավորել Հայաստանի իշխանություններին հակակշիռ իշխանություն։ Իմ պատկերացմամբ՝ ամբողջ խնդիրը դա է։ Թե որ անձն ինչ դերակատարություն ունի՝ պարզ կդառնա մոտ ապագայում, երևի առաջիկա մեկ-երկու ամիսներին պարզ կլինի, թե ով ինչ դերակատարություն կունենա այս մեծ խաղի մեջ»,- ասել է նա։ Սա ամենավտանգավոր, բայց՝ միևնույն ժամանակ, հնարավոր վարկածներից մեկն է, մանավանդ որ Բաբայանը քանիցս խոսել է Արցախի նկատմամբ ռուսական մանդատի հաստատման անհրաժեշտության մասին։ Եթե այս ենթադրությունները հաստատվեն, ապա Արցախի նախագահական ընտրությունները դառնալու են հակահեղափոխական ռևանշի կամ դրա ռուսական քաջալերման իրական սպառնալիք։

Արցախի ներքաղաքական կայունությունը սպառնալիքի տակ է, ու, ակնհայտորեն, ԼՂՀ իշխանությունները միայնակ չեն կարող չեզոքացնել այս մարտահրավերը։ Անհրաժեշտ է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի ջանքերի մեկտեղում, ընդհանոր օրակարգի հաստատում, որի հիմքի վրա էլ կարող են նախադրյալներ ստեղծվել ԼՂՀ հաջորդ նախագահի փոխընդունելի թեկնածուի որոշման հարցում։