Արցախում նկատվում է ներքաղաքական պայքարի էսկալացիա, որը հղի է վտանգավոր հետևանքներով

- in Հրապարակ
LGHH

Երկու օրից Ստեփանակերտում սպասվող հանրահավաքը, որտեղ ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրադարձություն է, որն իր նշանակությամբ բազմաշերտ է ու հասցեագրված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի հասարակությունններին, Սփյուռքին, այլ նաև՝ միջազգային հանրությանը։

Սակայն թերևս արժե անդրադառնալ նախատեսված իրադարձության ներքաղաքական համատեքստին, մանավանդ, որ արդեն հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։

Ներկայումս Արցախում նկատվում է ներքաղաքական պայքարի էսկալացիա, որը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մի կողմից՝ Արցախի ընտրություննները որոշակի շանս են, որպեսզի Հայաստանում պարտված քրեաօլիգարխիան փորձի հասնել ռևանշի՝ հայկական երկրորդ պետությունը վերածելով հին համակարգի ռեստավրացիայի աղբյուրի, մյուս կողմից՝ չի զգացվում նաև արկածախնդիրների պակաս, որոնք հեղափոխությունն Արցախ «ներմուծելու» ցանկություններ ունեն։

ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը a1plus.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Արցախում տեղի է ունենում ուժերի միավորում և օգոստոսի կեսերին հանրահավաքային շարժմամբ ստիպելու են Բակո Սահակյանին հրաժարական տալ։ Ըստ նրա՝ հազարավոր մարդիկ են դուրս գալու փողոց, և 1000 ոստիկանով չեն կարողանալու պահել իրենց իշխանությունը։

Բնականաբար, Արցախի ներքաղաքական ճգնաժամի շահառուների թվում ոչ միայն քրեաօլիգարխիան է, որը հետևողականորեն փորձում է քաոս կամ դրա իմիտացիա առաջացնել հետհեղափոխական Հայաստանում, այլ նաև ռուսաստանյան խիստ որոշակի քաղաքական շրջանակներ, որոնք ձգտում են Արցախը տանել «աբխազացման» ճանապարհով։

Ահա, բարդ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը միանգամայն համարժեք է ու թերևս՝ սպասված։

Խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը զերծ կլինի հեղափոխականությունից, հեղափոխությունը ինչ-որ իմաստով Արցախ արտահանելու նպատակադրումից։ «Կարծում եմ՝ չափազանց կարևոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակի անուղղակի աջակցություն Արցախի ներկա իշխանությանը, որն ունի սահմանադրական պարտականություն՝ կազմակերպելու առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Մենք գիտենք, որ հայտնի ուժերի կողմից զարգացումներն ընթանում են այլ ուղղությամբ, այն է՝ ամեն գնով տապալել Արցախի գործող իշխանությունը, ինչը հղի է բազմաթիվ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգներով, հետևաբար կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, պետք է մեկ անգամ և վերջնականապես արձանագրի, որ Հայաստանի իշխանությունը կանգնած է Արցախի իշխանությունների կողքին՝ այս չափազանց փխրուն, բայցև պատմական ժամանակահատվածում»,- գրել է պատգամավորը:

Այս համատեքստում երեկ տեղի ունեցան երկու նշանային իրադարձություններ։

Նախ՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Ստեփանակերտի հանրահավաքում ելույթ է ունենալու նաև Բակո Սահակյանը, ապա շատ կարևոր հայտարարություն հնչեցրեց Հայաստանի վարչապետի խոսնակը։

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որևէ խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել․ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ «Ազատության» հարցին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ելույթ է ունենալու Ստեփանակերտում, արդյո՞ք պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև կան որոշակի խնդիրներ և դրա՞ն է վերաբերում, Կարապետյանը պատասխանել է.

«Որևէ խնդիր չի կարող լինի, բացառվում է, որ որևէ խնդիր լինի։ Այդ խոսակցությունները արհեստածին եմ համարում։ Դրա ականատեսը դուք կլինեք երկու, երեք օր անց։ Միասնության խորհրդանիշները սավառնելու են Ստեփանակերտում»։

Սրանք չափազանց կարևոր արձանագրումներ են, որոնք թույլ են տալիս, որպեսզի Արցախը զերծ մնա ցնցումներից։ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի տարբեր սեգմենտների ու նրանց մոսկովյան հովանավորների հնարավոր դավադրությունների «փիլիսոփայությունը» կառուցվում է Երևանի ու Ստեփանակերտի հակադրության վրա։ Երկու իշխանությունների առաջին դեմքերի խոսնակների հայտարարությունները հուշում են, որ օգոստոսի 5-ի հանրահավաքը խորհրդանշելու է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միասնականությունը։ Նույն տրամաբանությամբ՝ Սամվել Բաբայանն ու մյուսները հեղափոխական էքստազի մեջ են, որովհետև Արցախի իշխանության ու հասարակության միջև որոշակի անջրպետ կա։ Փաշինյանը վերացնում է հենց այդ խզումը՝ փաստորեն արցախյան «հեղափոխականնների» ոտքերի տակից տանելով հողը։

Հիմքեր ունենք ենթադրելու, որ օգոստոսի 5-ից մեկնարկելու է Արցախի շուջ նկատվող դավադրության տապալման գործընթացը։