Արցախում «ռուսական մանդատի» դեղին քարտ ԱՄՆ-ից

- in Հրապարակ
usa-spitak-tun

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տարածել է տեղեկություն, որ կա մտահոգիչ լուր, թե ԱՄՆ վարչակազմը կարող է դադարեցնել Արցախին տրամադրվող մարդասիրական ֆինանսական օժանդակությունը: Հանձնախումբը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում այդպիսի զարգացում թույլ չտալու համար:

http://lragir.amՏեղեկությունն անշուշտ պետք է ահազանգ լինի նաեւ պաշտոնական Երեւանի համար, այդ հարցում Հայ դատի հանձնախմբին հնարավորինս աջակցելու համար, հաշվի առնելով պաշտոնական մակարդակում աշխատանքի որոշակի կաշկանդվածության հանգամանքը՝ ելնելով խնդրի նրբություններից:

Միեւնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ իրավիճակը աննախադեպ չէ եւ նախկին տարիներին էլ եղել են փուլեր, երբ Արցախը չի ստացել ամերիկյան մարդասիրական օժանդակություն, որն իհարկե ընդհանուր առմամբ կայուն կերպով իրականացվել է տարիներ շարունակ: Թե ինչու է վերջին տասնամյակին «խախտվել» այդ կայունությունը, այլ հարց է: Այստեղ իհարկե խնդիրը լոկ Հայաստանում իշխանության հանդեպ վերաբերմունքի համատեքստում, կամ ամերիկյան կողմի հետ իշխանության աշխատանքի համատեքստում դիտարկելը թերեւս պարզունակ կլինի: Ի վերջո, Արցախին մարդասիրական օժանդակության ավանդույթը ամերիկյան քաղաքականություն ներմուծվել է ոչ միայն հայկական լոբբիի ջանքերով կամ ի սեր հայկական կողմի:

Անկասկած է, որ հարցն առավել ընդգրկուն է իր ռեգիոնալ քաղաքական մասշտաբով եւ մոտիվներով, ըստ այդմ ամենատարբեր կարող են լինել նաեւ վերջին տարիներին ֆինանսավորման «կայունության խախտման» մոտիվները: Դրանք անշուշտ պետք է լինեն Հայաստանի եւ Արցախի ուշադրության եւ աշխատանքի առարկան, սակայն դրանք չեն կարող բնորոշել կամ նախանշել արցախյան հարցում ամերիկյան քաղաքականության ընդհանուր բնույթը, խիստ անհամարժեք մեծությունների բերումով:

Մյուս կողմից, ԱՄՆ-ից ստացված տեղեկությունը կարող է դիտարկվել նաեւ Արցախում ծավալվող ներքին իրողությունների համատեքստում, դրանց ակնառու արտաքին շահառությունների աննախադեպ բաց տեքստերի պայմաններում, մասնավորապես «ռուսական մանդատի» թեմայով:

Այդ իմաստով, շաբաթներ առաջ ամերիկյան քաղաքական համակարգը հայկական կողմին մատուցելով քաղաքական նշանակալի ուղերձներ կամ «կարկանդակներ»՝ Կոնգրեսի երկու որոշումների տեսքով, որոնք վերաբերում էին հրադադարի պահպանման եւ հետաքննության մեխանիզմներին ու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությանը, հաջորդիվ «դեղին քարտ» է ցույց տալիս՝ «ռուսական մանդատի» վերաբերյալ հնարավոր ակնարկով: Կամ ընդհանրապես Արցախում իշխանության ձեւավորման փաստացի աննախադեպ փուլի՝ ռեգիոնալ նոր իրողությունների բովանդակային համարժեքության ակնարկով, որպեսզի դրանք առավել ամրացնեն հայկական պետականության ինքնիշխանությունն ու անվտանգային ներկայիս դիրքերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան