Բալասանյանի հայտարարության թիրախում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Բաբայանը

Vitali Balasanyan

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ հայտարարել է Արցախի նախագահի գալիք ընտրությանը մասնակցելու մտադրության մասին, հայտարարություն է տարածել ներքին իրավիճակի վերաբերյալ, որը պարունակում է բավականին կոշտ թիրախավորումներ:

Ու թեև Վիտալի Բալասանյանի հայտարարությունը չի պարունակում անուններ, թե կոնկրետ ում է նա կասկածում Արցախում ներքին կայունությունն ու սահմանադրական կարգը, ընդհուպ՝ պետականությունը վտանգի տակ դնելու արկածախնդիր մտադրության համար, այդուհանդերձ, նրա մի քանի դիտարկումներ հիմք են տալիս առնվազն ենթադրելու, որ Բալասանյանի հայտարարության թիրախում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Ինչպես հայտնի է, Բաբայանը պահանջում է փոխել Արցախի Սահմանադրությունը, որն իրեն չի տալիս նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն: Նա դեռևս ամիսներ առաջ է հայտարարել իր առաջադրվելու ցանկության մասին՝ ասելով, որ խանգարելու դեպքում կգնա պայքարի:

Ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի է հստակեցրել, որ պայքարը ներառելու է հանրահավաքային մեթոդաբանություն: Սամվել Բաբայանը ավարտել է ստորագրահավաքը, որն իրականացվել է քաղաքացիական նախաձեռնության անվան տակ, և հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություն՝ իշխանությունից պահանջելով գնալ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի: Արցախի իշխանությունը դրան արձագանքել է ոստիկանության, ԱԱԾ հայտարարությամբ, որ թույլ չեն տա սահմանադրական կարգի խախտման ու ապակայունացման որևէ գործողություն:

Միևնույն ժամանակ, Բակո Սահակյանը ոստիկանապետ նշանակեց պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, որին նշանակել էին արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար: Ոստիկանապետի պաշտոնում նրա նշանակումը գնահատվեց իբրև հենց Սամվել Բաբայանի մտադրությունների դեմ կատարված նշանակում, որպեսզի ոստիկանությունը ղեկավարի թե՛ փորձառու, թե՛, ինչը թերևս առավել նշանակալի էր, ռազմական ոչ պակաս հեղինակությամբ գեներալ, քան Սամվել Բաբայանը: Օրերս Բակո Սահակյանն այցելել էր ոստիկանություն, հետո՝ ԱԱԾ:

Ակնառու է, որ Արցախի իշխանությունը մտահոգված է, և Վիտալի Բալասանյանի, այսինքն՝ անգամ ոչ պաշտոնական շրջանակից արվող այդ հայտարարությունը հուշում է իրավիճակի լրջանալու մասին: Որովհետև Բալասանյանը հայտարարում է, որ ինքն ու իր զինակիցները թույլ չեն տա իրավիճակի ապակայունացում և կտան կոշտ պատասխան: Սա իր հերթին վկայում է, որ Սամվել Բաբայանի հետևում պաշտոնական Ստեփանակերտը տեսնում է ավելի զորեղ ուժ: Համենայն դեպս հարց է առաջանում՝ արդյոք միայն Բաբայանն ինքնին այդպես ահաբեկել է Ստեփանակերտի իշխանությանը և քաղաքական շրջանակներին: Թե՞ նրանց անհանգստությունն ու կոշտ հայտարարությունները պայմանավորված են հանգամանքով, որ Բաբայանի թիկունքում կարող է խաղալ ավելի լուրջ կամ զորեղ ուժ: Ի դեպ, այն, որ նախկին նախարարը հրապարակ է բերել Արցախի հարցը «ռուսական մանդատի» ներքո դնելու գաղափարը, շատերին է հիմք տվել եզրակացնելու, որ հնարավոր է՝ Բաբայանի թիկունքում կան ռուսական շրջանակներ: Հայկական մամուլում էլ տեղեկություն եղավ, որ կապը Հայաստանի ԱԱԾ նախկին պետք Կառլոս Պետրոսյանն է, որը պաշտոնաթողությունից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Պետրոսյանը, ի դեպ, այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Միաժամանակ, Արցախի նախագահի ընտրության հարցում բավականին ակտիվ է նաև երկրորդ նախագահը, թեև դարձյալ՝ առանց անունների, բայց ակնհայտ Հայաստանի իշխանության դեմ դիրքավորումով: Բաբայանն ինքը, սակայն, Հայաստանի իշխանության դեմ դիրքավորված չէ, առայժմ, թեև մի քանի հայտարարություն էլ արել է, թե Երևանը աջակցում է այլ թեկնածուի, և ավելի լավ կլինի, որ բացահայտ ասվի այդ մասին:

Երևանը մտադիր է խոսել օգոստոսի 5-ին, ինչպես ազդարարել է վարչապետ Փաշինյանը: Նա խոսելու է ներքին և համահայկական օրակարգերի մասին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը զուգահեռ է տարածվել Վիտալի Բալասանյանի խոսքը: Միաժամանակ, Փաշինյանի հայտարարությունից հետո նախկին վարչապետ, նախագահի մեկ այլ հավակնորդ Արայիկ Հարությունյանն է աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետին: